Վրաստանում՝ Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, բողոքի ցույցի ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ութի, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Այսօր մի քանի տասնյակ ակտիվիստներ հավաքվել են Ռուսթավելի պողոտայում, որպեսզի նշեն վրացական սահմանադրությունն ընդունելու 100-ամյակը: Նրանք հանդես են եկել ի պաշտպանություն քաղաքացիների սահմանադրական ինավունքների, որոնցից մեկը հավաքների ազատությունն է:
Ակտիվիսներն իրենց հետ բերել են 1921 թվականի սահմանադրության 33-րդ հոդվածի բովանդակությամբ թերթիկներ, որոնցում ասվում է, որ անզեն քաղաքացիներն իրավունք ունեն հանրահավաքներ կազմակերպել ինչպես փակ տարածքներում, այնպես էլ փողոցներում անգամ առանց իշխանությունների հետ համաձայնեցնելու:
Ծեծկռտուքի ժամանակ տեղի են ունեցել առաջին բերման ենթարկումները: Այնուհետեւ ակտիվիստները խորհրդանշական կերպով տեղադրել են փոքր վրան հայտնի մուլտֆիլմի հերոսներով եւ դրա վրա ամրացրել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի նկարը, որի պաշտոնական այցը Վրաստան 2019 թվականի հունիսին հրահրել էր զանգվածային ցույցեր: Ցուցարարները վրաններ տեղադրելու եւս մի քանի փորձ են ձեռնարկել, բերման ենթարկումները շարունակվել են:
ՆԳՆ-ից հայտարարել են, որ չնայած բազմաթիվ կոչերին եւ նախազգուշացումներին՝ ակցիաների մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին՝ շարունակելով իրենց ապօրինի գործողությունները, եւ նրանց ստիպված էին բերման ենթարկել:
Հարկ է նշել, որ տարբեր պատճառաբանություններով քաղաքացիական ակտիվիստներն եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները փորձում են վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ արդեն երեք օր շարունակ: Դեռեւս Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները թույլ չեն տալիս նրանց անել դա՝ բերման ենթարկելով մասնակիցներին:
Վրաստանի ժողովրդական պաշտպանի ապարատը գնահատել է ՆԳՆ-ի գործողությունները՝ որպես հավաքների ազատության հարցում չարդարացված միջամտություն՝ նշելով, որ ցուցարարներն իրավունք ունեն վրաններ տեղադրել եւ այլ ժամանակավոր շինություններ, որոնք արգելափակում են վարչական շենքերի մուտքը կամ տրանսպորտի տեղաշարժը:





























