Այս տարվա սկզբից իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որը հավակնում է դառնալ կրթության զարգացման նոր ուղեղային կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամի հիմնական գործառույթներից են ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական փորձաքննությունների գործընթացների կազմակերպումը, ուսուցչին աջակցող մեթոդական ուղեցույցների եւ աջակցող նյութերի մշակումը:
ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի տեղեկացմամբ՝ այժմ ընթանում է հիմնադրամի անձնակազմի համալրման գործընթացը: Բոլոր տեղերի համար մրցույթ է հայտարարվելու, Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցներն արտոնություն ունեն. հավասար արդյունքների դեպքում նախապատվությունը նրանց է տրվելու: Արդեն հայտարարված մրցույթներով ընտրվել է ԿԱԻ-ի երկու նախկին աշխատակից:
Հույս հայտնելով, որ մինչեւ մարտի վերջ անձնակազմն ընտրված կլինի, Ա. Թորոսյանը նշում է, որ ԿԶՆԱԿ-ի բաժինները համալրած մասնագետներն անմիջապես անցնում են բովանդակային աշխատանքի` միանգամից սկսելով դպրոցին աջակցող նյութերի մշակումը: ԿԶՆԱԿ-ի կայքի ստեղծման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Այն լինելու է ուսուցչին աջակցող հարթակ:
«Այնտեղ անընդհատ կրթական նոր նյութեր են ավելանալու` ուղղված դպրոցում աշխատող բոլոր մասնագետներին` սկսած տնօրենից, փոխտնօրենից մինչեւ մեթոդմիավորման նախագահ, գրադարանավար, 1-12-րդ դասարանների ուսուցիչ եւ դասղեկ: Բացի մեթոդական ուղեցույցներից` այն կունենա նաեւ օրինակելի ձեւեր: Դպրոցի ցանկացած մասնագետ իր աշխատանքը կազմակերպելիս կարող է օգտվել այդ օրինակելի ձեւերից: Դպրոցում աշխատող ցանկացած ոք պետք է իմանա, որ մեր կայքում կարող է գտնել իր գործը հեշտացնող, մասնագիտական եւ մեթոդական աջակցություն ապահովող նյութ»,- նշում է Ա. Թորոսյանը` ավելացնելով, որ առաջիկա երեք տարում մասնագիտական եւ մեթոդական նյութերի լիակատար բազա կստեղծվի:
Սկզբնական փուլում նախապատվությունը կտրվի օրինակելի ձեւերի հրապարակմանը: ԿԶՆԱԿ-ն ունենալու է նաեւ ակտիվ ֆեյսբուքյան էջ, հասանելի է լինելու այլ սոցիալական հարթակներում եւս:
Ա. Թորոսյանի խոսքով` մեթոդական մշակումների ընթացքում օգտագործվելու է նաեւ դպրոցների ներուժը: ԿԶՆԱԿ-ի մասնագետներն աշխատելու են բոլոր թիրախային խմբերի հետ` վարելով հեռավար քննարկումներ եւ խորհրդատվություններ: Կլինեն փորձագետների ընտրության անհատական մրցույթներ, որոնց շրջանակում ընտրված մասնագետները կստանան որոշակի պատվեր` կատարելու այս կամ այն աշխատանքը` դրա դիմաց ստանալով որոշակի վարձատրություն:
«Օրինակ` թեմատիկ պլաններ գրում են բոլոր ուսուցիչները` ամեն տարի բոլոր առարկաներից: Ընդ որում՝ տվյալ դասարանի տվյալ առարկայի թեմատիկ պլանավորումը գրեթե բոլորի մոտ նույնն է` շատ քիչ տարբերությամբ: Տարբերություններն էլ ավելի շատ կառուցվածքային են, ոչ թե բովանդակային: Եթե մենք մշակենք օրինակելի տարբերակներ, ապա ուսուցիչները կազատվեն ամեն տարի կրկնվող եւ շատ կարեւոր այդ աշխատանքից եւ թեմատիկ պլանների մշակման համար կկատարեն նախկին աշխատանքի 10-15 տոկոսն ընդամենը: Այսինքն` նրանք ԿԶՆԱԿ-ի կայքից համապատասխան թեմատիկ պլանը կբեռնեն, կկատարեն իրենց անհրաժեշտ ձեւափոխությունները եւ կառաջնորդվեն դրանով»,- պարզաբանում է ԿԶՆԱԿ-ի տնօրենը եւ հավելում, որ իրենց նյութերը հիմնականում նախատեսված են ուսուցիչների եւ ընդհանրապես դպրոցում աշխատող մասնագետների համար։
ԿԶՆԱԿ-ի շահառուն նաեւ ծնողն է: «Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ծնողները, չիմանալով մանկավարժական գործի բուն էությունը, փորձում են ուսուցչին սովորեցնել, թե նա ինչպես դասավանդի: Մանկավարժությունը շատ բարդ գիտություն է. որեւէ մեկն ատոմային ֆիզիկայի մասնագետին չի փորձում ցուցում տալ, թե ինչպես պետք է ճեղքել ատոմը: Սակայն, մեր հանրությունը, օրինակ, ակտիվ քննարկում է գնահատման նոր համակարգը, քննադատում եւ եզրակացություն ներկայացնում, թե որակական բացատրությունն ավելի թույլ եւ չմոտիվացնող է, քան միավորային գնահատականը: Մենք ծնողին ներկայացնելու ենք, թե ինքն ինչ ներդրում կարող է ունենալ կրթության որակի բարձրացման համար` աջակցելով դպրոցին, ուսուցչին եւ երեխային: Մենք աշխատելու ենք նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների հետ` դպրոցի կառավարման եւ բովանդակային հարցերի վերաբերյալ: Օրինակելի ձեւեր ենք առաջարկելու նաեւ խորհուրդներին»,- պարզաբանում է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Վերջերս հաստատված հանրակրթության պետական չափորոշչով արմատապես փոխվում է գնահատման նոր համակարգը, ըստ որի՝ միավորային գնահատում մինչեւ 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ չի լինի: Հանրային տարբեր գնահատականների առիթ դարձած այս նոր մոտեցումը, ըստ Ա. Թորոսյանի, հասունացած էր, քանի որ դպրոցը դարձել է «թվանշանից կախված»: Ստեղծվել է մի վիճակ, երբ եւ՛ ուսուցչի, եւ՛ աշակերտի ու ծնողի համար կարեւոր չէ գիտելիքը, ավելի կարեւոր է թվանշանը:
«Նոր համակարգով մենք անցնում ենք որակական գնահատման եւ նպատակ ու պահանջ ենք դնում միավորի փոխարեն բնութագիր տալ, որպեսզի ծնողն ու երեխան շոշափելիորեն տեսնեն աշակերտի դժվարությունն ու հաջողությունը: Այսինքն` հասկանալի լինի` աշակերտն ինչ է սովորել, ինչում է թերանում, ինչը կարող է եւ ինչը չի կարող: Լինելու են սահմանված մի քանի բնութագրեր` ըստ մակարդակի եւ դասարանի, ուսուցիչն ընտրելու է դրանցից մեկը՝ որպես գնահատական տվյալ աշակերտի համար»,- նշում է ԿԶՆԱԿ-ի ղեկավարը` ընդգծելով, որ թվանշան չդնելը չի նշանակում չգնահատել:
Ա. Թորոսյանը փաստում է, որ 2021 թվականին ուսուցիչների պարտադիր վերապատրաստման ծավալուն աշխատանքներ են լինելու, որպեսզի լրացվի ԿԱԻ-ի լուծարումից հետո առաջացած բացը: ԿԶՆԱԿ-ի հիմնական գործառույթներից են լինելու վերապատրաստման մեթոդաբանության մշակումը եւ համակարգումը, իսկ ուսուցիչների բուն վերապատրաստումը, որը պարտադիր նախապայման է ատեստավորման համար, իրականացնելու են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները:





























