Գերմանիայի Ձախ կուսակցության պատմության մեջ երկու կանայք առաջին անգամ համանախագահներ են դարձել: Յանինա Վիսլերը եւ Սյուզան Հենիգ-Վելզովը այս պաշտոնում ընտրվել են փետրվարի 27-ին կայացած առցանց համագումարի ժամանակ: Համացանցային ընտրությունների արդյունքները, ըստ կուսակցության կանոնների, պետք է հաստատվեն փոստով քվեարկության միջոցով, հաղորդում է DW-ն:
39-ամյա Վիսլերը, ով գլխավորում է Հեսսենի շրջանում «ձախերի» խմբակցությունը, ստացել է ձայների 84,2 տոկոսը: Թյուրինգյան խորհրդարանական խմբակցության նախագահ, 43-ամյա Հենիգ-Վելզովը հավաքել է ձայների 70,5 տոկոսը: Ի տարբերություն Վիսլերի, նա ունեցել է երկու մրցակից: Այսպիսով, նրանք կդառնան Կատյա Քիպինգի եւ Բերնդ Ռիքսինգերի իրավահաջորդները, ովքեր ղեկավարել են կուսակցությունը գրեթե ինը տարի եւ հրաժարվել են նորից առաջադրվել:
Ելույթ ունենալով պատվիրակների առջեւ՝ Վիսլերը եւ Հենիգ-Վելզովը, որպես իրենց ծրագրի առաջնահերթություններ, նշել են սոցիալական անհավասարության դեմ պայքարը եւ կուսակցության անդամների միասնությունը իրենց դիրքորոշումը պաշտպանելու գործում: Վիսլերն իր խոսքում մատնանշել է հասարակության պառակտումը, որն ուժեղացել է համավարակի ֆոնին: Մինչ շատ մարդիկ լոքդաունների պատճառով հայտնվել են աղետալի վիճակում, երկրում միլիոնատերերի թիվը շարունակում է աճել, ընդգծել է նա: «Մենք երբեք չենք համակերպվի այս իրավիճակի հետ»,- հետագայում նշել է քաղաքական գործիչը:
Իր հերթին, Հենիգ-Վելզովը կուսակիցներին հորդորել է վստահել նոր ղեկավարությանը եւ հաղթահարել ներկուսակցական հակասությունները: Նա խոստանում է ուժեղացնել կապը կուսակցության ներսում եւ մյուսների հետ որոնել առկա խնդիրների լուծումը:
Անցյալ տարիներին Ձախ կուսակցությունը ճգնաժամի մեջ էր ներքաղաքական հակասությունների ֆոնին, առաջին հերթին՝ Կատյա Քիպինգի եւ Բունդեսթագի «ձախ» խմբակցության նախկին ղեկավար Զառա Վագենկնեխտի միջեւ, որոնք ներկայացնում էին տարբեր ներկուսակցական հոսանքներ:
Բունդեսթագում 709 հնարավոր մանդատներից 69-ը «ձախերինն» է: Սեպտեմբերի վերջին Գերմանիայում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները:




























