Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման շուրջ աղմուկ է բարձրացել: Վրաստանի առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն առընթեր COVAX հարթակից պարզաբանում է պահանջել այն հայտարարության կապակցությամբ, որ Վրաստանը պատրաստ չէ ստանալ Pfizer-ի դեղամիջոցը, որի առաջին չափաբաժիններին երկիրը սպասում էր դեռեւս փետրվարին: Այս մասին այսօր հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Պաշտոնյան պնդել է, որ երկիրը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ եւ «ոչ տեղին» է համարել խոսակցություններն այն մասին, որ առողջապահության նախարարությունը չի կարողացել ճիշտ լրացնել պատվաստանյութը ստանալու ձեւաթուղթը:

Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ Pfizer-ը ներկայացրել է պատվաստանյութի տրամադրման լրացուցիչ պահանջներ, որոնք, նրա խոսքով, առաջիկայում կճշտվեն հեռախոսային խորհրդատվությունների միջոցով:

««Ինտերպրեսնյուս»-ի տարածած հայտարարության մեջ հստակ ասվում է, որ երկիրը չի կատարել COVAX-ի պահանջները, ինչը ճիշտ չէ»,- ասել է Գաբունիան:

COVAX-ի հայտարարության մեջ, որը տարածել է վրացական ԶԼՄ-ներից մեկը, իսկապես նշվում է, որ պատվաստանյութը փետրվարին ուղարկվել է այն երկրներ, որոնք համապատասխանել են իրենց չափանիշներին: COVAX-ը նշում է նաեւ, որ ծրագրին մասնակցող երկրների բոլոր ազգային կարգավորիչները պետք է արտոնեին ստացվելիք պատվաստանյութը, ինչպես նաեւ պատվաստանյութ արտադրողի հետ վնասը փոխհատուցելու պայմանագիր կնքեին:

Պատվաստանյութը ստանալու Վրաստանի պատրաստ լինելը գնահատել են ԱՀԿ-ի, COVAX-ի փորձագետները եւ այն լիովին համապատասխանում է արտադրող ընկերությունից ստացված չափանիշներին, նշել է առողջապահության նախարարությունը:

Pfizer-ի լրացուցիչ պահանջները ոչ մի կապ չունեն երկրի տեխնիկական պատրաստվածության հետ, դրանք կապված են ֆինանսական վերաապահովագրության հետ եւ վրացական կողմից խոչընդոտներ չեն առաջացել, պնդում է Գաբունիան: Նրա խոսքով՝ նամակում COVAX-ը չի հստակեցնում մանրամասները, սակայն նշում է, որ տեղի է ունենալու հեռախոսային խորհրդատվություն, որի ընթացքում կճշտվեն պայմանները:

Գաբունիան հիշեցրել է, որ հունվարի վերջին ստացված մի նամակում հաստատվում էր, որ Վրաստանը փուլ առ փուլ կստանա Pfizer ընկերության 29 000 չափաբաժին եւ AstraZeneca-ի 180 000-300 000 չափաբաժին պատվաստանյութը: Հունվարի 28-ից հետո Վրաստանը ակտիվորեն սկսել է աշխատել պատվաստանյութերի ձեռքբերման ընթացակարգերի վրա՝ ինչպես COVAX պլատֆորմի թիմի, այնպես էլ մատակարարների հետ: Գաբունիան ասել է, որ այսօր Վրաստանը COVAX-ից եւ Pfizer-ից սպասում է հեռախոսազանգի ստույգ ամսաթվին, որի ընթացքում վերջապես կքննարկվեն բոլոր պայմանները, քանի որ երկիրը պատվաստանյութ ստանալու համար ունի եւ տեխնիկական, եւ իրավական պատրաստվածություն:

Պաշտոնյան նշել է, որ ի վերջո խոսքը պատվաստանյութի առաքումը «2-3 շաբաթով» հետաձգելու մասին է: Նա նաեւ հաստատել է, որ մարտի վերջին հնարավոր կլինի AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստումը, որի առաջին դեղաչափերը Վրաստանում կհայտնվեն 2-3 շաբաթվա ընթացքում:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը դեռեւս չի սկսվել, չնայած իշխանությունները հայտարարել են, որ փետրվարի վերջին երկիրը կստանա Pfizer պատվաստանյութի առաջին փոքր խմբաքանակը՝ 29 000 չափաբաժին, որը կօգտագործվի բժշկական անձնակազմի պատվաստման համար, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակվածների հետ: Այժմ որպես Pfizer-ի պատվաստանյութերի, ինչպես նաեւ AstraZeneka-ի 150 000-300 000 չափաբաժին պատվաստանյութերի ստանալու մոտավոր ժամկետ, իշխանությունները նշում են մարտ ամիսը։