Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով կոռուպցիայի մեղադրանքով 3 տարվա ազատազրկման է դատապարտվել կարող է համաձայնվել տնային կալանքի՝ բանտի փոխարեն: Երեք տարիներից երկուսը պայմանական են, այնպես որ իրական ազատազրկումն ընդամենը մեկ տարի է կազմում, հայտնում է Reuters-ը:
Դատավոր Քրիստին Մին հայտարարել է, որ ինքը դեմ չէ, որպեսզի Սարկոզին բանտի փոխարեն մեկ տարի էլեկտրոնային թեւնոցով անցկացնի տնային կալանքի տակ, չնայած այդ որոշումը պետք է այլ դատավոր կայացնի:
Փարիզի դատարանը վճռել է, որ 66-ամյա Սարկոզին պաշտոնից հեռանալուց հետո փորձել է կաշառել դատավորին եւ ազդեցություն գործադրել՝ 2007-ին իր նախընտրական քարոզարշավի ֆինանսների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության դիմաց: «Նա օգտվել է իր կարգավիճակից եւ հարաբերություններից, որ ստեղծել է»,- ասել է նախագահող դատավոր Քրիստին Մին:
Սարկոզին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին եւ նույնիսկ պաշտոնից հեռանալուց հետո շարունակում է ազդեցություն ունենալ պահպանողականների շրջանում: Նա ժամանակակից Ֆրանսիայի երկրորդ ղեկավարն է, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Սարկոզին դատարանից հեռացել է առանց որեւէ խոսք ասելու, բայց նրա փաստաբանն հայտարարել է, որ նա կբողոքարկի եւ կապացուցի իր անմեղությունը:




























