ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում ապագայում պատժամիջոցներ սահմանել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի նկատմամբ, եթե դա անհրաժեշտ լինի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է Reuters-ը:
«Մենք, իհարկե, մեզ իրավունք ենք վերապահում նախաձեռնել ցանկացած գործողություններ ցանկացած պահի՝ մեր ընտրությամբ»,- ճեպազրույցում ասել է Փսակին՝ հավելելով, որ «պատմականորեն Միացյալ Նահանգները սովորաբար պատժամիջոցներ չի կիրառել այն երկրների կառավարությունների ղեկավարների նկատմամբ, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել»:
Հիշեցնենք, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին ԱՄՆ հետախուզության զեկույցի հրապարակումից հետո, որում հաստատվում էր, որ արքայազն Մոհամմեդը հավանություն է տվել սպանությանը, ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել թագավորության 76 հպատակների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, սպառնում էին արտասահմանում այլախոհներին եւ ներգրավված էին Խաշոգջիի սպանության գործում։




























