Նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ խոստովանել է, որ ֆրանսիացի զինվորները սպանել են Ալժիրի անկախության հանրաճանաչ մարտիկ Ալի Բումենջելին, հայտնում է AP-ն:
Մակրոնը հանդիպել է Ալի Բումենջելի չորս թոռների հետ եւ «Ֆրանսիայի անունից» խոստովանել, որ փաստաբանը Ալժիրում ձերբակալվել է, խոշտանգվել եւ սպանվել 1957-ի մարտի 23-ին, հայտնում է Ելիսեյան պալատը:
Ֆրանսիայի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ նա ինքնասպանություն է գործել անազատության մեջ գտնվելու ընթացքում՝ սուտ, որի դեմ նրա այրին եւ ընտանիքի մյուս անդամները տարիներ շարունակ պայքարել են, որ հերքեն այն:
«Մեր պատմության երեսին նայելը, ճշմարտությունն ընդունելը թույլ չի տա մեզ բուժել դեռ բաց վերքերը, բայց կօգնի ճանապարհ հարթել ապագայի համար»,- ասվում է Մակրոնի հայտարարության մեջ:
Որպես Ֆրանսիայի առաջին նախագահ, որը ծնվել է հետգաղութային դարաշրջանում, Մակրոնը մի քանի աննախադեպ քայլեր է արել, որպեսի հակադրվի Ֆրանսիայի դաժան պայքարին՝ հյուսիսաֆրիկյան իր գաղութի վերահսկումը պահպանելու համար, որն անկախություն ձեռք բերեց 1962 թվականին:
2018-ին նա խոստովանել է, որ Ֆրանսիան ստեղծել է «համակարգ», որը պատերազմի ընթացքում թեթեւացրել է խոշտանգումները, եւ խոստովանել է, որ Ալժիրում սպանվել է նաեւ ֆրանսիացի մաթեմատիկոս, կոմունիստական ակտիվիստ Մորիս Օդենը, ով պայքարում էր անկախության համար:
Անցյալ հուլիսին նա ֆրանսիացի պատմաբան Բենջամին Ստորին հանձնարարել էր գնահատել, թե ինչպես է Ֆրանսիան վերաբերվել իր գաղութային ժառանգությանը:
Ստորի հունվարյան զեկույցը պարունակում է մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ Բումենջելի սպանության ընդունում եւ «հիշողության ու ճշմարտության հանձնաժողովի» ստեղծում, որը կլսի պատերազմից տուժած մարդկանց վկայությունները:
Սակայն սա չէր ենթադրում կառավարության պաշտոնական ներողություն, եւ Մակրոնը ասել էր, որ «ոչ մի զղջում եւ ներողություն» չի լինի, այլ ավելի շուտ «խորհրդանշական գործողություններ»՝ ուղղված հաշտեցմանը:
Բումենջելը ֆրանսախոս ազգայնական իրավաբան եւ մտավորական էր, ով կապող օղակ էր չափավոր UDMA կուսակցության եւ «Ազգային ազատագրման ճակատ» (FLN) դիմադրության ընդհատակյա շարժման միջեւ:
Մակրոնը բարձր է գնահատել նրա «հումանիզմը» եւ «քաջությունը»՝ հավելելով, որ «գաղութային համակարգի անարդարության» դեմ պայքարում Բումենջելի վրա ազդել են ֆրանսիական լուսավորության արժեքները:




























