Պենտագոնի ղեկավարը հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը` օգնելու Վրաստանին զարգացնել իր պաշտպանունակությունը՝ ընդդեմ «ռուսական ագրեսիայի եւ վնասակար ազդեցության»: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի եւ նրա վրացի գործընկեր Ջուանշեր Բուրչուլաձեի հեռախոսազրույցի ընթացքում Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը «Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը` նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

Կողմերը նշել են Միացյալ Նահանգների եւ Վրաստանի ռազմավարական գործընկերության երկարատեւությունն ու ամրությունը` հիմնված ընդհանուր շահերի ու արժեքների վրա: Օսթինը շնորհակալություն է հայտնել նախարար Բուրչուլաձեին` «Վճռական աջակցության առաքելության» մեջ Վրաստանի ներդրած ավանդի եւ Աֆղանստանում վրացական զորքերի կողմից կատարված զոհաբերությունների համար:

Բուրչուլաձեն երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ զինված ուժերը արդիականացնելու եւ բարեփոխելու ուղղությամբ Վրաստանի ջանքերին աջակցելու համար եւ շեշտել է «այն վտանգը, որը Ռուսաստանը ներկայացնում է Վրաստանի անվտանգության համար»: