Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի կունենան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) շուրջ ռուս-ամերիկյան առաջին խորհրդակցությունները։ Խորհրդակցությունների ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, ամերիկյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլեն Թաուշերը։ ԻՆչպես ավելի վաղ հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հանդիպմանը քննարկվելու են ՀՀՊ հարցերի նկատմամբ ամերիկյան վարչակազմի նոր մոտեցումները։ Սպասվում է, որ ՀՀՊ հարցերով խորհրդակցությունների արդյունքները Մոսկվայում կզեկուցվեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովին ու Հիլարի Քլինթոնին,- նշում է «Վեստի»-ն։

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Ռուսաստանի մայրաքաղաքում սպասում են այսօր։ Սակայն նրա այցի պաշտոնական մասը կսկսվի հոկտեմբերի 13-ին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգայ Լավրովի հետ բանակցություններով։ Սպասվում է, որ այնուհետեւ ամերիկյան դիվանագիտության ղեկավարին կընդունի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Նշենք, որ Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղակայման Վաշինգտոնի ծրագրերը վերջին տարիների ընթացքում լուրջ խնդիրներ էին հարուցում ռուս-ամերիկյան հարաբերություններում։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն չէր բացառել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ու Արմավիրի ռուսական ՌՏԿ-ների համատեղ օգտագործումը։ Ըստ նրա, ռուսական ու ամերիկյան ՌՏԿ-ների հնարավոր միացումը վաղուց է ուսումնասիվել Պենտագոնում։ Մինչդեռ, ամերիկյան Defense News ամսագիրը հաղորդել է, որ ՀՀՊ-ի շուրջ ռուս-ամերիկյան առաջին խորհրդատվությունների ընթացքում ամերիկյան կողմը մտադիր է ռուսական կողմի հետ քննարկել «ռադիոտեղորոշիչ միասնական դաշտի» հնարավորությունը՝ օգտագործելով ՌԴ-ի ու ԱՊՀ տարածքում գտնվող ռադարները։ Մասնավորապես, հիշատակվել է Ռուսաստանի հարավում (Արմավիր), Ադրբեջանում եւ այլ այնպիսի վայրերում, ինչպիսին Ուկրաինան է, գտնվող հզոր ռադարների միացման հնարավորությունը՝ «ռադիոտեղորոշիչ միասնական դաշտի» ստեղծման նպատակով,- հաղորդում է «Ինտերֆաքսը»։