Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել երկու մարդու, ովքեր պատրաստվել են ահաբեկչություններ իրականացնել երկրի տարածքում: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Le Parisien թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ խոսքը 17-18 տարեկան դեռահասների մասին է: Մեկին բերման են ենթարկել Մանտ-լա-Ժոլիում (Իվելին դեպարտամենտ), մյուսին` Մարսելում (Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտ):

Ինչպես նշում է թերթը, ձերբակալվածներն արդեն կանգնել են ահաբեկչության գործերով դատավորի առաջ: Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության նպատակով հանցավոր խումբ կազմակերպելու» համար: Քննիչների խոսքով՝ դեռահասներից մեկը եղել է Telegram-ալիքի անդամ, որում արմատական բնույթի գաղափարներ են արտահայտվել: Մյուսը, ըստ իրավապահների, սոցիալական ցանցերը օգտագործել է ջիհադիստների հետ կապը պահպանելու համար:

Ինչպես ավելի վաղ ասել էր Ֆրանսիայի հետախուզական ծառայությունների ազգային համակարգող Լորան Նունյեսը, 2017 թվականից ի վեր ֆրանսիական հատուկ ծառայությունները կանխել են ավելի քան 30 ահաբեկչություններ, որոնցից երկուսը՝ նախորդ տարի:

Անցյալ աշնանը Ֆրանսիայում տեղի ունեցան մի շարք ահաբեկչություններ: Հոկտեմբերի վերջին դանակով զինված թունիսցին հարձակվեց հավատացյալների վրա՝ Նիցցայի նոտր Դամ տաճարում: Այն ժամանակ երեք մարդ մահացավ: Նույն օրը Ավինյոնում ոստիկանները գնդակահարել էին մի մարդու, ով դանակով սպառնում էր անցորդներին: Դրանից երկու շաբաթ առաջ Փարիզի արվարձանում արմատական իսլամիստը սպանել էր դպրոցի ուսուցչին, ով նախկինում իր աշակերտներին ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: Ելիսեյան պալատը խոստովանել է, որ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքը շարունակում է բարձր մնալ: