Welt am Sonntag գերմանական թերթի տվյալներով՝ համավարակից տուժած ընկերությունների եւ ձեռնարկությունների համար ֆինանսական վճարները հայտնվել են իսլամիստական ծայրահեղականների ձեռքերում: Առանձին դեպքերում այդ միջոցները կարող էին ուղղվել ահաբեկչությունը ֆինանսավորելուն, գրում է պարբերականը կիրակի՝ մարտի 14-ին՝ հղում անելով Բեռլինի դատախազության աղբյուրներին:
Քննությունն ունի տեղեկատվություն առնվազն երեք այդպիսի դեպքի մասին, երբ գերմանական հակաճգնաժամային միջոցները ենթադրաբար օգտագործվել են ահաբեկչական միավորումները Մերձավոր Արեւելքում ֆինանսավորելու համար, հաղորդում է Welt am Sonntag-ը:
Բացի այդ, համավարակի ընթացքում օգնություն են ստացել բեռլինյան հակասեմական Jama'atu միավորման անդամները, որը փետրվարի վերջում արգելվել էր Բեռլինի Սենատի կողմից, ինչպես նաեւ հայտնի իսլամիստական քարոզիչ Ահմադ Արմիխը: Թերթի հաղորդմամբ՝ Jama'atu իսլամիստների մերձավորների շարքերում է եղել Անիս Ամրին, որը կազմակերպել էր ահաբեկչություն 2016 թվականին Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում:
Թերթը հաղորդում է, որ Բեռլինում անցկացվում է հետաքննություն իշխանությունների օգնություններն ապօրինի օգտագործելու ավելի քան 100 դեպքի շուրջ: Կասկածվում է շուրջ 60 մարդ, մզկիթ եւ իսլամիստական միավորում: Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է շուրջ մեկ միլիոն եվրո ապօրինի ճանապարհով ստանալուն: այդ գումարից 250 հազար եվրո առգրավվել է խուզարկությունների ժամանակ:




























