Բահրեյնի իշխանությունները հետաքրքրված են իրենց երկրի տարածքում արտադրել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՌԴ-ում Բահրեյնի դեսպան Ահմադ աս Սաաթին:
«Բահրեյնը շատ հետաքրքրված է ՌԴ-ի հետ պատվաստանյութերն արտադրելու շուրջ համագործակցության հարցում: Կան Բահրեյնից առաջարկներ եւ սկզբունքային պայմանավորվածություն Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հետ: Մենք ցանկանում ենք ստեղծել փոքր լաբորատորիա ոչ միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն արտադրելու համար: Սկսենք «Սպուտնիկ V» պատվաստանյութից, որը կդառնա հիմքը, եւ ժամանակի ընթացքում կարտադրենք գրիպի եւ այլ վարակիչ հիվանդությունների դեմ ուրիշ պատվաստանյութեր»,-հայտարարել է դեսպանը:
Դիվանագետը նշել է, որ կապ կհաստատի ռուսական լաբորատորիաների եւ մարմինների հետ այդ հարցը քննարկելու համար: Նա ընդգծել է, որ Պարսից ծոցը մշտապես ունի պատվաստանյութերի կարիք, այդ տարածաշրջանը բաց է առեւտրի եւ զբոսաշրջության համար:




























