Աֆղանստանի նկատմամբ իր քաղաքականության վերանայման գործընթացում Վաշինգտոնը համոզվել է, որ տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը դեռեւս անհրաժեշտ է։ Այս մասին Լոնդոնում Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ նշելով ընդ որում, որ այդ երկրում ամերիկյան ուժերի գլխավոր նպատակը նախկինի պես մնում է «Ալ Քաիդայի» նկատմամբ հաղթանակը։
Քլինթոնը հայտարարել է, որ անց է կացվել տարածաշրջանում ԱՄՆ ուժերի գործողությունների մանրազնին վերլուծություն, որւ օգնությամբ Սպիտակ տան վարչակազմին հասկանալի է դարձել, թե ծայրահեղականության դեմ պայքարի որ մարտավարությունն է ամենագործունը. «Մենք ամեն բան ցանկանում ենք անել առավելագույնս մտածված… Մենք մտադիր ենք շարունակել առավել ռացիոնալ ու խելացի կերպով»։ Ամերիկայի պետքարտուղարն ընդգծել է նաեւ ծայրահեղականության խնդիրների լուծման հարցում շահագրգռված այլ երկրների հետ համագործակցության կարեւորությունը։ Միաժամանակ, Քլինթոնը չի բացառել Աֆղանստանի անվտանգության վերահսկողությունը հենց աֆղանցիների ձեռքը աստիճանաբար հանձնելու հնարավորությունը։ Սակայն, այդ գործընթացին, ըստ նրա, պետք է նպաստի նաեւ երկրի ապագա նախագահը։ Երկրի նոր առաջնորդը պետք է շատ ավելին անի առաջնահերթ խնդիրների լուծման համար, քան արվել է առաջ,- նշել է Քլինթոնը՝ դրանով իսկ խուսափելով հստակ պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն անվերապահորեն կաջակցի Համիդ Քարզային՝ վերջինիս վերընտրվելու դեպքում։
«Նախագահ Քարզայի հետ հեշտ էր համագործակցել շատ հարցերում… Եթե ընտրությունների արդյունքում նա վերընտրվի, նրա եւ Աֆղանստանի ժողովրդի, ինչպես նաեւ նրա կառավարության ու դաշնակից-երկրների կառավարությունների միջեւ պետք է հաստատվեն որակապես նոր հարաբերություններ»։
Հիշեցնենք, որ աֆղանական խնդրի շուրջ ԱՄՆ նոր ռազմավարության վերաբերյալ նախօրեին հայտնել էր Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցչի։ Աղբյուրի տվյալների համաձայն, Միացյալ Նահանգները շահագրգռված են հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցում, առաջին հերթին, դեպի Աֆղանստան նոր միջանցքի բացման հնարավորության կապակցությամբ։
Նշենք, որ Հիլարի Քլինթոնը այսօր, հոկտեմբերի 12-ին եվրոպական իր շրջագայության շրջանակներում ժամանում է Մոսկվա , որտեղ աֆղանական թեման, ըստ ռուսական ԶԼՄ-ների, նույնպես շոշափվելու է։




























