Մարդու իրավունքների պաշտպանության «Human Rights Watch» (HRW)  կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել բնակիչների սեփականազրկումը,  որոնց տները քանդվել էին` մայրաքաղաք Բաքուն նոր կառույցներով արդիականացնելու նպատակով:  Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

«Իր նախագծով, որն անվանում են պճնամոլություն, Ադրբեջանի կառավարությունը Բաքվում ոչ միայն տներ, այլեւ կյանքեր է ավերում», – ասել է HRW ներկայացուցիչ Ջեյն Բյուկենենը:

Կազմակերպությունը նկատել է սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ: Համաձայն զեկույցի` այն մարդիկ, ովքեր հրաժարվում են փոխհատուցումից կամ այլընտրանքային բնակարանից, սեփականազրկվում են եւ մնում առանց տանիքի:

«Ես չէի կարող հավատալ, որ ինձ կարող են ստիպել լքել իմ բնակարանը, բայց հենց այդպես էլ եղավ», – զեկույցում մեջբերված են Սեվինչ Զայնալովայի խոսքերը: