Թուրքիան բողոք է հայտնել 2000 մեգավատ հզորությամբ ստորջրյա էլեկտրական մալուխ կառուցելու մասին Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ կնքված համաձայնագրի դեմ:
Anadolu գործակալությունը հայտնում է, որ Թուրքիան պաշտոնապես բողոքել է համաձայնագրի դեմ՝ պնդելով, որ մալուխի երթուղին, որը, ինչպես նախատեսվում է, կֆինանսավորվի ԵՄ-ի կողմից, «անցնում է Թուրքիայի տարածքային ջրերով»: Անկարայում հույն, իսրայելցի եւ եվրոպացի դիվանագետներին ներկայացված նոտաներում Թուրքիայի պաշտոնյաները նաեւ հայտարարել են, որ երեք երկրներին «անհրաժեշտ է Թուրքիայի հավանությունը՝ նախքան տեխնիկատնտեսական հիմնավորում ստանալը»։
Անցյալ շաբաթ երեք երկրները համաձայնության են եկել ստորջրյա մալուխի կառուցման թույլտվություն ստանալու համար ուսումնասիրություններ կատարելու եւ հաստատումները արագացնելու ու էլեկտրաէներգիայի ոլորտում համապատասխան ազգային կարգավորիչների հետ համակարգելու շուրջ:
Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը մտադիր են 6 միլիարդ դոլար արժողությամբ ստորջրյա խողովակաշար կառուցել՝ Միջերկրական ծովի հարավ-արեւելքում նոր ծովային հանքավայրերից գազը մայրցամաքային Եվրոպա տեղափոխելու համար՝ շրջանցելով Թուրքիան:
Նախորդ շաբաթ Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը նաեւ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, ինչը վկայում է երեք երկրների միջեւ համագործակցության ընդլայնման մասին:




























