Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չոնը քննադատել է Հարավային Կորեայում անցկացվող զորավարժությունները եւ ԱՄՆ նոր վարչակազմին նախազգուշացրել է, որ վառոդի հոտը խաղաղություն չի բերի:
«Մենք օգտվում ենք այս առիթից, որպեսզի նախազգուշացնենք ԱՄՆ նոր վարչակազմին, որը ամբող ուժով փորձում է վառոդի հոտը տարածել մեր հողի վրա»,- ասվում է Կիմ Յո Չոնի հայտարարության մեջ, որը մեջբերում է ՑՏԱԿ-ը: «Եթե ԱՄՆ-ը ցանկանում է հանգիստ քնել հաջորդ չորս տարիներին, ապա ավելի լավ է ձեռնպահ մնա գարշահոտություն տարածող քայլերից: Զորավարժությունները եւ թշնամանքը երբեք չեն կարող զուգակցվել երկխոսության եւ համագործակցության հետ»:
Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան դեռ մերժում է ԱՄՆ-ի երկխոսություն սկսելու խնդրանքները, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք սկսված հարաբերություններում սառեցումը տարածվել է Բայդենի նախագահության վրա:
Առաջնորդ Կիմ Չեն Ընը երեք հանդիպում է անցկացրել Թրամփի հետ եւ մի շարք նամակներ փոխանակել, բայց Փհենյանը դադարեցրել է բանակցությունները եւ հայտարարել, որ չի շարունակելու երկխոսությունը, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի իր թշնամական քաղաքականությունից:




























