ԱՄԷ-ն կասեցրել է Աբու Դաբիում Իսրայելի, ԱՄՆ-ի եւ արաբական պետությունների հետ գագաթաժողով անցկացնելու պլանը` ի նշան նախընտրական արշավում որպես հիմնասյուն Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բեն Զայեդին օգտագործելու Իսրայելի վարչապետ Նեթանյահուի փորձերի դեմ բողոքի: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում աղբյուրներին:

Անցյալ տարվա օգոստոսին հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունից հետո սա ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ առաջին խոշոր ճգնաժամն է: ԱՄԷ-ն զայրացած է Նեթանյահուի վրա այն բանի համար, որ իրեն ներքաշում է Իսրայելի ներքին քաղաքականության մեջ:

Երեք շաբաթ առաջ Նեթանյահուն հեռախոսով զրուցել էր թագաժառանգի հետ եւ առաջարկել Աբու Դաբիում անցկացնել Իսրայելի եւ Սուդանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Արքայազնը համաձայնել էր, սակայն ցանկացել էր ներգրավել նաեւ Բայդենի վարչակազմը: ԱՄՆ-ի ներկայացուցիչներին դուր էր եկել գաղափարը, եւ նրանք համաձայնել էին բարձրաստիճան պաշտոնյային ուղարկել մասնակցելու, բայց ընդգծել էին, թե ցանկանում են, որ այդ իրադարձությունը տեղի ունենա Իսրայելի ընտրություններից հետո:

Գագաթաժողովը նախատեսվում էր անցկացնել ապրիլի սկզբին՝ ընտրություններից անմիջապես հետո: Բայց Նեթանյահուն ընտրություններից առաջ դեռ ուզում էր այցելել Աբու Դաբի: Էմիրաթցիները գիտեին, որ նա պարզապես ֆոտոսեսիայի առիթ է փնտրում (ընտրություններին ընդառաջ), բայց չէին ցանկանում լարվածություն ստեղծել, եւ համաձայնել էին ընդունել այն: Անցյալ շաբաթ նրա այցը հետաձգվել էր Իսրայելի ու Հորդանանի միջեւ ճգնաժամի պատճառով:

Նեթանյահուն շարունակում էր պնդել, որ այցի նոր ամսաթիվ նշանակվի՝ գրեթե յուրաքանչյուր հանրահավաքում եւ հարցազրույցում հիշատակելով ԱՄԷ-ն: Նեթանյահուի հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ արքայազնը խոստացել էր 10 միլիարդ դոլար ներդնել Իսրայելում:

Դա այդքան էլ այդպես չէ: ԱՄԷ-ն հայտարարել է, որ իսկապես ցանկանում է ներդրումներ կատարել Իսրայելում, բայց Նեթանյահուն հրապարակավ հայտարարեց այդ մասին` այն ներկայացնելով որպես արքայազնի քաղաքական աջակցություն: Էմիրությունները դա չգնահատեցին:

Վերջին կաթիլը եղավ անցյալ երկուշաբթի օրը Նեթանյահուի տված հարցազրույցը, որում նա հայտարարել էր, որ արքայազնը «ինքն է ցանկություն հայտնել» 10 միլիարդ դոլար ներդնել Իսրայելում: Նեթանյահուն նույնիսկ հայտարարել էր, թե Մուհամմեդ բեն Զաիդն իրեն ասել է, որ հավատում է իր տնտեսական առաջնորդությանը:

ԱՄԷ-ն որոշեց պատասխան հարված հասցնել: Նրանց առաջին պատասխանը արդյունաբերության նախարար Սուլթան Զաբերի հայտարարությունն էր, որ Իսրայելում կատարվող ներդրումները դիտարկման միայն նախնական փուլում են, եւ ցանկացած նման ներդրում ունենալու է տնտեսապես դրդապատճառ ու չի հիմնվելու քաղաքականության վրա:

Երկրորդ պատասխանն այն էր, որ Նեթանյահուին մասնավոր եւ հրապարակավ հասկացվի, որ նա ընտրություններից առաջ չի այցելելու ԱՄԷ: ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը, ով մի քանի շաբաթ առաջ զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Twitter-ում գրել է, որ ԱՄԷ-ն «չի մասնակցելու Իսրայելում ընթացող կամ երբեւէ անցկացվող ներքին ընտրարշավներին»:

Երրորդ պատասխանը դարձել է պլանավորված գագաթաժողովը կասեցնելու որոշումը: Էմիրությունների որոշման մասին առաջինը հաղորդել է «Եդիոտ Ահրոնոտ» թերթը: Խնդրին ծանոթ աղբյուրները նշում են, որ ԱՄԷ-ն Բայդենի վարչակազմին ծանուցել է Նեթանյահուի պահվածքի պատճառով գագաթաժողովը չեղարկելու մասին:

Գագաթաժողովը կկայանա, բայց միայն Իսրայելում քաղաքական իրավիճակը պարզելուց հետո, եւ երբ Նեթանյահուն, եթե մնա իր պաշտոնում, կարողանա հանդարտեցնել Էմիրությունների զայրույթը: