Կառավարության ձեւավորումը, որը կարող էր վերականգնել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը, Լիբանանի ֆինանսական փլուզումը կասեցնելու միակ միջոցն է։ Այս մասին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը։

Աունը խնդրել է Հարիրիին անհապաղ նոր կառավարություն կազմել կամ տեղը զիջել մեկ ուրիշին, Հարիրին պատասխանել է՝ ասելով, որ եթե չկարողանա հաստատել իր կաբինետի կազմը, ապա պետք է ընտրություններ նշանակի:

Հարիրին հինգշաբթի օրն ավելի դրական է տրամադրված եղել, նա ասել է, որ հաջորդ հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը, եւ որ ինքը «հնարավորություն» է տեսնում: «Ցանկացած կառավարության առաջնային խնդիրն է կանխել այն փլուզումը, որին բախվում ենք այսօր... որպեսզի կարողանանք վերականգնել միջազգային հանրության վստահությունը»,- ասել է նա լրագրողներին:

Անցյալ տարի ԱՄՀ-ի հետ Լիբանանի բանակցությունները փակուղի էին մտել՝ Լիբանանի կառավարության պաշտոնյաների, բանկիրների եւ քաղաքական կուսակցությունների միջեւ սկանդալի պատճառով՝ կապված ֆինանսական մեծ կորուստների հետ:

Լիբանանյան ֆունտն ընկել է 90%-ով` 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմից ի վեր երկրում տեղի ունեցած ամենածանր ճգնաժամի պատճառով: Սա շատերին հասցրել է աղքատության եւ սպառնալիքի տակ է դրել ներմուծումը դոլարի պակասի պատճառով:

2019-ի վերջից սկսած քաղաքական գործիչները չեն կարողացել համաձայնության գալ փրկության ծրագրի շուրջ, որպեսզի ապաշրջափակեն Լիբանանի համար խիստ անհրաժեշտ արտասահմանյան դրամական միջոցները։