Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր «հսկայական ազդեցությունը», որպեսզի համոզի Փհենյանին հրաժարվել միջուկային ծրագրից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր «հսկայական ազդեցությունը», որպեսզի համոզի Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային ծրագրից։ Դա տեղի է ունեցել ժամեր անց այն բանից, երբ Փհենյանը հայտարարել էր, որ կանտեսի բանակցությունները վերսկսելու ԱՄՆ առաջարկները, հաղորդում է AP-ն:

Բլինքենը ելույթ է ունեցել Սեուլում անվտանգության բանակցությունների ավարտին, որին մասնակցել են պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ Հարավային Կորեայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները:

«Պեկինը ակնհայտորեն շահագրգռված է (Հյուսիսային Կորեայի) ապամիջուկայնացմանը նպաստելու հարցում, քանի որ դա անկայունության աղբյուր է: Դա վտանգի աղբյուր է եւ, ակնհայտ է սպառնալիքը՝ մեր եւ մեր գործընկերների համար»,- ասել է Բլինքենը:

Նրա խոսքով՝ Պեկինը առանցքային դեր է խաղում այն բանում, որպեսզի համոզի Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային զենքից, քանի որ Հյուսիսի արտաքին առեւտրի մեծ մասն անցնում է Չինաստանով: Բլինքենն ընդգծել է, որ, համաձայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի, Չինաստանը պարտավոր է ամբողջությամբ կիրառել Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային փորձարկումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Չոու Սոն Հուեյը նախապես հաստատել էր Բլինքենի այն հայտարարությունը, որ փետրվարի կեսերից Վաշինգտոնը բազմաթիվ ուղիներով կապվել է Փհենյանի հետ, բայց պատասխան չի ստացել:

Չոուն ԱՄՆ գործողությունները որակել է որպես «ժամանակը ձգձգելու հնարք» եւ ասել է, որ Հյուսիսային Կորեան կմերժի բանակցային առաջարկները, քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվել թշնամանքից: