Վլադիմիր Պուտինին ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քննադատության հետ կապված Եվրամիությունը շեշտել է Ռուսաստանում կատարված «սպանությունների համար ՌԴ նախագահի քաղաքական պատասխանատվությունը», փոխանցում է DW-ն:
«Ցավոք, Ռուսաստանում տեղի ունեցողը քննադատող մարդկանց հաջողված կամ չհաջողված սպանությունների փորձերի երկար ցուցակ կա, նրանց թվում են քաղաքական գործիչներ եւ լրագրողներ»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության բարձրագույն հանձնակատարի Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղարը: Դեպքերից շատերը չեն հետաքննվում, մնում են չբացահայտված, հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվում, շեշտել է նա:
«Մեզ հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը, լինելով ՌԴ նախագահը, վերջնարդյունքում պատասխանատվություն է կրում ռուսական պետական մարմինների գործողությունների, պետության քաղաքականության եւ նրա այլ գործողությունների համար»,- ասել է նա:
Բայդենը մարտի 17-ին ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում դրական էր պատասխանել հարցին՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին արդյոք համարո՞ւմ է մարդասպան: Բայդենը խոստացել էր, որ Պուտինը կհատուցի 2020 թվականին Դոնալդ Թրամփի օգտին ԱՄՆ ընտրությունների ելքի վրա ազդելու փորձերի համար:
Ի պատասխան Բայդենի խոսքին Պուտինը ԱՄՆ ղեկավարին առողջություն էր մաղթել: Նրա խոսքով՝ ԱՄՆ իսթեբլիշմենթում կան շատ ազնիվ եւ օրինավոր մարդիկ, եւ ՌԴ-ն կապավինի հենց նրանց: «Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես նա է ասել, անձամբ ծանոթ ենք: Ի՞նչ կպատասխանեի նրան: Ես նրան կասեի՝ առողջ եղիր: Ես նրան առողջություն եմ մաղթում»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ դա ասում է «առանց հեգնանքի եւ կատակի»:





























