Բելառուսում անկարգություններին մասնակցություն են ունեցել Ուկրաինայից եւ ՌԴ-ից անարխիստական շարժումները: Այս մասին հայտարարել է Մինսկի Քննչական կոմիտեի վարչության ղեկավար Սերգեյ Պասկոն, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկայումս Բելառուսի ՔԿ-ն քրեական գործեր է քննում զգալի թվով անարխիստների դեմ, բոլորը կալանավորված են:
Պասկոն նշել է, որ այս անձինք զանգվածային անկարգություններին մասնակցել են գաղափարական նկատառումներով, հետապնդել են սեփական շահեր:
Ընդ որում՝ նա հավելել է, որ ռուս եւ ուկրաինացի անարխիստների մասնակցությամբ այդ միջոցառումներն ընթացել են ոչ միայն Մինսկում, այլեւ Բելառուսի մյուս քաղաքներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսում ավելի քան 400 մարդ է դատապարտվել «բողոքի» քրեական գործերով:
Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են մի քանի ամիս անընդմեջ: Դրանք սկսվել էին այն բանից հետո, երբ հանրապետության ԿԸՀ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարեց նախագահական ընտրություններում հաղթող, որոնք տեղի էին ունեցել օգստոսի 9-ին:





























