Այս պատերազմում հակառակորդը բավականին լուրջ պատրաստված էր, նաեւ ներգրավել էր Թուրքիայի օդուժը, օտարերկրյա վարձկաններ, բայց պատերազմի առաջին 3 օրը, երբ մեր պաշտպանությունը դեռ ճեղքված չէր, ինձ թվում է, որ հակառակորդի հարձակումները պետք է մարվեր, ու պետք է չկարողանային ճեղքում իրականացնել: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Մեր առաջին գծում կանգնած զինվորների սխրագործություններն ապացուցում էին, որ բանակը կարողանում է դիմակայել այդպիսի ահռելի ուժին: Կադրերով տեսել եք երեւի, որ ամեն մի ուղղությամբ 20-30 տանկերով փորձում էին մխրճվել ու հաջողություն չէին ունենում: Հակառակորդը իր տանկերի կիրառումը սահմանափակել է, որովհետեւ դրանց մեծ մասը վառվել է մարտի դաշտում, իսկ մի մասը վախենում էին կիրառել: Այստեղ հակառակորդը բավականին լուրջ առավելություն է ունեցել օդում, ԱԹՍ-ների դեմ պայքարը մեզ մոտ բավականին թույլ է եղել, դրա պատճառները կան, ես մասամբ խոսել եմ այդ մասին: Սա է բերել նրան, որ հակառակորդը կարողացել է ինչ-որ հատվածներում ճեղքել»,-ասաց նա: