Ցանկացած մասնավոր բուհում ռեկտորին եւ ղեկավարությանը նշանակում է հիմնադիրը կամ հիմնադիրները: Եթե ​​բուհը պետական ​​է, ապա անհասկանալի է, թե ինչու դա չպետք է պետությունն անի: Այս մասին Ազգային ժողովի նիստին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ ասաց ՀՀ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը: Ընդ որում, ըստ նրա, ինքը չի հասկանում վեճի առարկան:

«Այսինքն, դուք ուզում եք, որպեսզի պետությունը չկարողանա՞ վերահսկել որակը բուհում: Չէ որ այդ բուհերը ֆինանսավորվում են հարկատուների հաշվին»,- ընդգծեց Մանուկյանը:

Մինչդեռ խմբակցությունից նրա գործընկեր Գեւորգ Պապոյանը շեշտեց, որ օրենքը տասնյակ այլ՝ ոչ պակաս կարեւոր դրույթներ է պարունակում, որոնց մասին ընդդիմությունը չի ցանկանում խոսել: «Դրանցից մեկը. յուրաքանչյուր ուսանողի տարեկան ուսման վարձից հազար դրամ ուղարկվում է ուսանողական ֆոնդ, որտեղից դրամաշնորհներ են տրվում անապահով ընտանիքների ուսանողների վարձը վճարելու համար: Այսինքն, եթե, օրինակ, բուհում երկու հազար ուսանող է սովորում, ապա այդ նպատակների համար գրեթե երկու միլիոն դրամ կհավաքվի: Եկեք այս մասին էլ հայտարարենք, որպեսզի մեր համաքաղաքացիներն ավելի լավ իմանան, թե ինչի մասին է այս օրինագիծը: Իսկ ինչ վերաբերում է ռեկտորին, ապա գոնե մի դեպք հիշեք անցած երեք տարվա ընթացքում, երբ որեւէ բուհում իշխանություններին հաճո մարդ է ընտրվել»,- ասաց Պապոյանը: