Աթենքում Անկախության պատերազմի 200-ամյակին նվիրված զորահանդես է անցկացվել: Kathimerini-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի շենքի դիմաց Անծանոթ զինվորի գերեզմանին ծաղկեպսակներ դնելուց հետո շքերթին մասնակցել են բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Չարլզը եւ նրա կինը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով հանրությանը թույլ չեն տվել մասնակցել ամենամյա շքերթին: Հունական ոստիկանությունը յոթ հանրահավաքի եւ երթի անցկացում է կանխել, որոնց մեծ մասը կազմակերպվել էր ազգայնական խմբավորումների կողմից:
Պառլամենտի շենքի առջեւ անցկացվող շքերթին տանկեր ու ռազմական ինքնաթիռներ են ցուցադրվել, որոնք մանեւրներ են կատարել Ակրոպոլիսի վրա, այդ թվում՝ ֆրանսիական արտադրության Rafale կործանիչները, որոնք Հունաստանը ձեռք է բերում մասշտաբային ռազմական արդիականացման ծրագրի շրջանակներում՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում թուրքական ագրեսիային եւ սադրանքներին դիմակայելու համար:
Զորահանդեսին մասնակցում էին նաեւ հեծելազորը, հետեւակը, ռազմաօդային ուժերի ու ռազմածովային ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաեւ ոստիկանություն, հրշեջ ծառայության եւ առափնյա պահպանության ստորաբաժանումները:
Հունաստանի անկախության ապստամբությունը սկսվել է Պելոպոննեսի հարավում գտնվող Մանի շրջանում 1821 թվականին եւ շարունակվել է երկար տարիներ՝ առանց պաշտոնական օտարերկրյա աջակցության: 1827 թվականին, երբ հեղափոխությունը գրեթե ճնշվել էր, միջամտել են Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նավատորմերը՝ Պելոպոննեսի արեւմուտքում Նավարինո ծոցում թուրք-եգիպտական նավատորմի ոչնչացման համար:
Այս վճռական հարվածը հույներին թույլ տվեց շարունակել պայքարը: Ֆրանսիացիները արշավախումբ ուղարկեցին Պելոպոննես, իսկ ռուսները ներխուժեցին Օսմանյան կայսրության բալկանյան նահանգներ՝ գրավելով ներկայիս Ռումինիայի եւ Բուլղարիայի մեծ մասը: Բանակցություններից հետո Հունաստանը, ի վերջո, անկախություն ձեռք բերեց 1830 թվականին իր ներկայիս տարածքի մի մասի վրա, որը, ի վերջո, ընդարձակվեց պատերազմների եւ պայմանագրերի հիման վրա զիջումների հաշվին՝ 1947 թվականին հասնելով իր ներկայիս սահմաններին:
.jpg)






























