Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում մաքսային աշխատակիցներն առգրավել են Ճապոնիայից ներմուծված ռադիոակտիվ թեյի խմբաքանակ: Ըստ ֆրանսիական իշխանությունների` թեյի տերեւներում  ցեզիումի պարունակությունը երկու անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը:

Մոտ 160 կգ կշռող թեյի խմբաքանակը ներմուծվել է ճապոնական Սիձուոկա նահանգից: Ներկայումս այն կարանտինային գոտում է եւ արագ կոչնչացվի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայում ատոմակայանի վթարից հետո ռադիոակտիվ սննդամթերք է ներմուծվում: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ ավելի ուշադիր են զննելու ճապոնական ապրանքները, եւ միջադեպի մասին կզգուշացնեն ԵՄ վերահսկող մարմիններին: