Չեռնոգորիայի ոստիկանությունը ձերբակալել է Բալկաններում եւ ամբողջ Եվրոպայում վախ ու արյունահեղություն սերմանող հանցավոր խմբավորման ղեկավարին, հայտնում է Reuters-ը:

Փոխվարչապետ Դրիտան Աբազովիչը Չեռնոգորիայի ծովափնյա Կոտոր քաղաքում Սլոբոդան Կաշչելանի ձերբակալությունը անվանել է երկրի ոստիկանության վերջին 10 տարիների ամենամեծ հաջողությունը:

58-ամյա Կաշչելանը ձերբակալվել է ավելի լուրջ հանցագործություններ կատարած եւ պլանավորած հանցավոր խմբավորում կազմակերպելու կասկածանքով:

Կաշչելանը հանցագործ կլանի ղեկավար է, որը 2015 թվականից արյունալի պատերազմի մեջ է մրցակից չեռնոգորյան բանդայի հետ՝ հարավամերիկյան կոկաինի մաքսանենգությունը վերահսկելու համար:

Երկու ավազակախմբերը, որոնք կազմավորվել են Ադրիատիկ ծովի ափին գեղատեսիլ Կոտոր հանգստավայրի մերձակայքում գտնվող հարեւան գյուղերում, չեն կարողացել համաձայնության գալ թմրանյութերի մաքսանենգության շուկայում մասնաբաժնի շուրջ, եւ սկսել են միմյանց վրա հարձակվել Չեռնոգորիայում, հարեւան Սերբիայում եւ Բոսնիայում, ինչպես նաեւ Հունաստանում, Իսպանիայում ու Իտալիայում:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2015 թվականից ի վեր առնվազն 40 մարդ է սպանվել զինված բախումների եւ մահափորձերի հետեւանքով:

Կաշչելանի հանդեպ երկու մահափորձ է եղել, այդ թվում՝ 2016-ին, երբ նա ծանր վիրավորվել էր սերբական հյուսիսային Նովի Սադ քաղաքում այն բանից հետո, երբ նրա ավտոմեքենան գնդակոծվել էր գնդացիրից: 2019-ին նա Չեռնոգորիայում ձերբակալվել էր խարդախության կասկածանքով, բայց ազատվել էր 500 000 եվրո գրավի դիմաց: