Պատերազմի մասնակից 20-ամյա Արգիշտի Հովհաննիսյանը  Թալինի իր տանը  Քարվաճառից մի կտոր  է պահում: 

2 տարվա ծառայությունից հետո հարազատ դարձած Քարվաճառիը լքելիս հետը մի բուռ հող է վերցրել, այն նպատակով, որ այն իր տեղը վերադարձնի:

«Ամենածանր պահն, որ ստիպված եղանք առանց մի կրակոցի հանձնել Քարվաճառն ու հեռանալ:  Ոչ մեկ չէր ուզում լքել զորամասը, ո΄չ զինվորները, ո΄չ հրամանատարները: Բոլորս դուրս եկանք, մտածելով, որ մի օր անպաման վերադառնալու ենք»,-  ասում է, Արգիշտին, որի ձայնում այնքան վստահություն կա, որ ինքդ էլ սկսում ես  հավատալ: 

Արգիշտին կոտրված է. Քարվաճառն Ադրբեջանին է առանց կրակոցի: Հրետանավորը պատմում է, որ պատերազմի 44 օրերի ընթացքում իրենք հակառկորդի առաջխաղացման բոլոր փորձերը ձախողել  են:

«Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան հակառակորդի անօդաչու թռչող սարքերից ենք իմացել, որ պատերազմ է սկսվել: Առաջինը իրենք սկսեցին հարվածել զորամասին, հետո նոր դիրքերին հարվածեցին: Նաեւ փորձել են կենդանի ուժով հարձակվել, բայց անհաջողության են մատնվել: Դրանից հետո հարձակումները քչացան եւ 20 օր անց արդեն միայն անօդաչու թռչող սարքեր եւ  ավիացիա կիրառելով էին հարձակվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արգիշտը:

Հրետանավորը պատմում է, որ  օդային հարվածների ժամանակ իրենք ոչ մի բանով չէին կարողանում հակազդել.  «Մեզ մնում էր խրամատում նստած աղոթել, որ մեզ չկպնի: Փառք Աստծո, այդ հարվածներն այդպես էլ մեզ չհասան»: