Անհատ ձեռներեցների  եւ նոտարիուսների համար կնվազեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարումները: Այս մասին լուծարված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Մասնավորապես, տարեկան մինչեւ 1,2 մլն դրամ եկամտի դեպքում հիմնադրամում վճարումները կազմում են 18 հազար դրամ: Մենք առաջարկում ենք թողնել այդ գումարը, սակայն ավելացնել հաշվարկային բազան մինչեւ 2,4 մլն դրամ: Այ-մ վճարումները նման եկամտի դեպքում կազմում են 36 հազար դրամ»,-նշեց Պապոյանը:

2,4 միլիոնից մինչեւ 6 մլն դրամ եկամտի դեպքում առաջարկվում է նվազեցնել 66 հազարից մինչեւ 22 հազար դրամ: 6 միլիոնից մինչեւ 12 մլն դրամի դեպքում՝ նվազեցնել 102 հազարից մինչեւ 48 հազար դրամ: 12 մլն դրամ եկամտի դեպքում առաջարկվում է վճարել 120 հազար դրամ:

Պապոյանը վստահեցրեց, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնա հիմնադրամից վճարումների հնարավորությունների վրա: Ընդ որում, նա նշեց, որ  քննարկումներից հետո որոշում է կայացվել հրաժարվել մնացած քաղաքացիների աշխատավարձերից վճարումների նվազեցումից: