2020-ի ընթացքում, կորոնավիրուսի համավարակի եւ Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով ՀՀ պետական բյուջեում երկու անգամ ճշգրտումներ են կատարվել, սակայն ծախսերը ոչ միայն չեն կրճատվել, այլ նաեւ ավելացել են: Այս մասին հունիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա, շեշտը դրվել է գերակա ոլորտների վրա:
«2020-ին Հայաստանը ապահովել է մակրոտնտեսական կայունություն` օգտագործելով հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության ինստիտուցիոնալ մոտեցումները»,- ասաց ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնակատարը:
Ջանջուղազյանն ընդգծեց, որ Հայաստանը, ինչպես ամբողջ աշխարհը, կորոնավիրուսային համավարակի ժամանակ վերանայել է իր հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակաշրջանին: Այսինքն՝ այն նպատակ ուներ խթանող դեր խաղալ եւ միջոցներ ձեռնարկել տնտեսական ցնցումների հետեւանքները մեղմելու համար՝ կուտակված ֆինանսական պահուստների հաշվին:
Նա նշեց, որ ՀՆԱ-ի 7,6% աճը` համաշխարհային տնտեսության 2,9% աճի համատեքստում, ինչպես նաեւ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի շեմը 50%-ից ցածր, թույլ տվեցին իշխանություններին ստեղծել համապատասխան պահուստներ:
Հակաճգնաժամային միջոցառումները, որոնք անցկացվել են Հայաստանի իշխանությունների կողմից 2020թ․, նախարարի կարծիքով, նույնպես դրական արդյունքներ է ունեցել:
Այնուամենայնիվ, դեֆիցիտը 2020-ին գերազանցել է նախատեսված մակարդակը՝ ՀՆԱ-ի 2,3%-ի չափով կամ մոտ 161 մլրդ դրամով՝ հասնելով 334 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 5.5%-ի: Միեւնույն ժամանակ, ՀՆԱ-ի նկատմամբ կառավարական պարտքի մակարդակը հասել է 63,5%-ի:
2020 թվականի վերջին, համաշխարհային տնտեսության 3,3% անկման պայմաններում Հայաստանի տնտեսությունը գրանցել է 7,6% անկում։ Մասնավորապես, արդյունաբերությունը կրճատվել է 1,5%-ով, գյուղատնտեսությունը` 4%-ով, շինարարությունը` 6,6%-ով, իսկ ծառայությունների ոլորտը` 10%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում միջին ինֆլյացիան կազմել է 1,2%, գնանկումը` 1,9%: Ընդ որում, միջին ամսական աշխատավարձը ամրագրվել է 189 716 դրամ մակարդակի վրա: Այսպես, պետական հատվածում այն սահմանվել է 170 264 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 198 964 դրամ: Ներմուծման ծավալների կրճատման պատճառով դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 3,1%-ը:
Եկամուտները կազմել են 1 տրիլիոն 560 միլիոն 655 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 894 միլիոն 647 հազար դրամ: Միեւնույն ժամանակ, մոտ 12%-ը (մոտ 226 մլրդ դրամ) կազմել են կապիտալ ծախսերը: Մինչդեռ միջոցների շուրջ 29,5%-ը (մոտ 560 միլիարդ դրամ) ուղղվել է սոցիալական ծախսերը հոգալուն, այսինքն՝ կենսաթոշակների եւ նպաստների ֆինանսավորմանը:
Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 385 միլիարդ դրամ: Կորոնավիրուսային համավարակի հետ կապված ծախսերը կազմել են 75,3 միլիարդ դրամ, իսկ ռազմական դրության հետ կապված ծախսերը՝ մոտ 124 միլիարդ դրամ:
2020 թվականի արդյունքներով Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 968 միլիոն դոլար: Դրանցից 7 միլիարդ 509 միլիոն դոլարը՝ կառավարության պարտքն է (արտաքին պարտքը՝ 5 միլիարդ 593 միլիոն դոլար է, իսկ ներքինը՝ 1 միլիարդ 915 միլիոն դոլար):
Նա նշեց, որ կառավարության պարտք/ՀՆԱ մակարդակի բարձրացմանը նպաստել են ՀՆԱ անկումը, պետբյուջեի դեֆիցիտի մեծացումը, ինչպես նաեւ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի դեւալվացիան:
Մասնավորապես, եթե կառավարական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2019 թվականի վերջին կազմել է 49,9%, ապա 2020 թվականի արդյունքներով այն հասել է 63,5%-ի: Դա, ինչպես նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը, համաձայն հարկաբյուջետային կանոնների տրամաբանության, որը թույլ է տալիս ՀՆԱ մինչեւ 60 տոկոս աճ, ՀՀ կառավարությունը պարտավոր է ներկայացնել մակրո- եւ հարկաբյուջետային միջոցներ, որոնք թույլ կտան հանրապետությանն առաջիկա 5 տարում վերադառնալ թույլատրվող 60%-ին:
«Չնայած բազմաթիվ քննարկումներին՝ պետական պարտքի անվանական եւ հարաբերական մեծությունը գերազանցել է այն շեմը, որը մեր նման երկրների համար համարվում է կառավարելի: Այնուամենայնիվ, պետական պարտքի առումով, մեր խնդիրներն այդքան մասշտաբային չեն»,-պարզաբանեց Ջանջուղազյանը:




























