2020 թվականի մարտի 6-ին ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարեց ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորելու համար ուսման վարձը եկամտահարկով վճարելու մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրենքի ընդունումից հետո Կառավարությունը հաստատեց մասնագիտութունների այն ցանկը, որտեղ սովորելիս աշխատող ուսանողների ուսման վճարը կարող է փոխհատուցվել եկամտահարկով։
Բայց, փաստորեն դիմողները կարող են կանգնել խնդրի առջև, երբ գործատուն չի կատարում իր հարկային պարտավորությունները։ Սա չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքից և կարող է դառնալ համակարգային խնդիր, այն դեպքում, երբ օրենքի շահառուները զրկվում են եկամտահարկի փոխհատուցման եղանակով սովորելու իրենց իրավունքից։
Խնդիրը անհատական և համակարգային դիտարկելու հարցով դիմել եմ ՀՀ Կառավարություն։




























