Իլհամ Ալիեւի մտերիմ ազգականները Ադրբեջանից միլիոնավոր դոլարներ են դուրս բերել:
«Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) լրագրողները հերթական նյութն են հրապարակել՝ նվիրված Ադրբեջանին:
Meydan.tv-ի հաղրոդմամբ՝ նոր հետաքննության հերոսը Իլհամ Ալիեւի քույրն է՝ նրա հորեղբոր դուստրը՝ Ջալալա Ալիեւան:
Իսպանական Իբիցա կղզում «Միքայելա եւ ընկերներ» երեկույթների կազմակերպիչը DJ Mikaela-ն իսպանական մեդիան պատմել է Իբիցայի հանդեպ իր սիրո, երաժշտության հանդեպ սիրո եւ Ռուսաստանում կյանքի մասին, որը համարում է իր հայրենիքը: Խոսքը Իլհամ Ալիեւի քրոջ՝ Իզեթ Ջավադովայի մասին է: Ջավադովան նրա ազգանունն է, որը ստացել է ամուսնուց, իսկ բեմական կեղծանունը վերցրել է իր 22-ամյա դստեր՝ Միքայելայի պատվին:
Վերջին մի քանի տարիներին Իզեթն ու ամուսինը՝ Սուլեյման Ջավադովը, եղել են Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) ուշադրության կենտրոնում՝ միլիոնավոր ֆունտ սթեռլինգների պատճառով, որոնք ստացել են կոռուպցիայի, գողության եւ հափշտակումների միջոցով:
Այդ միլիոններն իրենց բրիտանական հաշիվներում ստանալու համար Ջավադովներն օգտագործել են 20 օֆշորային ընկերության ցանցը: Քննությունը պարզել է, որ այդ ընկերություններից մի քանիսը կապ ունի այսպես կոչված «ադրբեջանական լվացքատան» հետ:
«Ադրբեջանական լվացքատան» մասին առաջին անգամ հաղորդվել է 2017 թվականին: Այն Ադրբեջանի իշխող վերնախավին թույլ է տվել միջոցներ հափշտակել, խուսափել հարկերից, փողեր լվանալ, եվրոպական խորհրդարանականներին կաշառք տալ, ապօրինի միջոցները Ադրբեջանից տեղափոխել Արեւմուտք, որտեղ էլ դրանք օգտագործել գույք ձեռք բերելու եւ շքեղ կյանք ապահովելու համար:
Չնայած Իզեթ եւ Սուլեյման Ջավադովները Ադրբեջանի բարձրաստիճան դեմքեր չեն, բայց Իզեթի հայրը եղել է խորհրդարանի անդամ, իսկ Սուլեյմանի հայրը մինչեւ անցած տարի էներգետիկայի փոխնախարարն էր:
Ջավադով զույգը քննիչներին ասել է, թե այդ գումարները գոյացել են Ադրբեջանում իրենց սեփականությունների վարձակալության արդյունքում: Սակայն Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը դատարանին տեղեկացրել է, որ ոչ մի իրական եկամուտ չի համապատասխանում այն մեծ գումարներին, որոնք ուղարկվում են Լոնդոն:
Այդ հարցով լսումներ կսկսվեն հուլիսին:
Ադրբեջանի պաշտոնյաները դեռ չեն արձագանքում այս հետաքննությանը:





























