Սա նորություն չէ եւ նաեւ կան հետազոտություններ, որ ՀՀ-ում ցավալիորեն իրավագիտակցության մակարդակը բարձր չէ` ցածրի եւ միջինի համադրման մեջ է: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, ՍԴ-ում ասացղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը` պատասխանելով ՍԴ դատավոր Վաղարշյանի այն հարցին, թե ինչպես է գնահատում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը:

«Իրականում սա որպես դրական բան չեմ նշում, սա մեծ ցավով եմ նշում, բայց դա է իրականությունը, որը ունենք»,-հավելեց նա:

Վաղարշյանի հարցին, թե միջին իրավագիտակցության մակադակ ունեցող քաղաքացու համար Փաշինյանի խոսքերի օրինակները, որը ներկայացվել են ՍԴ, վախեցնո՞ղ, հրապուրո՞ղ, թե՞ վանող տպավորություն են կարողանալու թողնել. «Միգուցե միջին քաղաքացին այդ խոսքերից վանվեր, կամ չգիտեմ օտարվեր այն քաղաքական ուժից, կամ անձից, ով ասում էր այդ խոսքերը: Ինչու եմ ասում, որովհետեւ ձեր դիմումում այդ փաստերը միակողմանիորեն էին ներկայացված, թե դրանք վախեցնող, սարսափեցնող ազդեցություն էին թողնում, ուզում եմ հասկանալ, թե հնարավո՞ր է հակառակ ազդեցությունը, թե՞ ոչ»:

Վարդեւանյանը պատասխանելով ՍԴ դատավորի հարցին, ասաց, որ այս հարցի բացահայտման մեջ առանցքային է, թե ում կողմից է  դա արվում. «Մեր կողմից, երբ որ արձանագրվել է, որ այն  ունեցել է վախեցնող նպատակ եւ հետեւանք եւ դրանով նաեւ ազդել է ընտրողների կամքի եւ ազատության վրա,  մեկ կարեւոր բաղադրիչի վրա է կառուցված, որ դա արվում է վարչական ամենամեծ լծակներ ունեցող անձի կողմից, ոչ թե պարզապես մեկ հանրային քաղաքական գործչի, այլ զուգահեռաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնող: Եթե օրինակ այդ հայտարարությունները աներ սպորտի ոլորտում շատ հայտնի անձ, եթե ասեր`սաղին վենդետա եմ անելու, ջարդեմ, ամտերը կտրելու եմ, այդ ժամանակ ձեր ասած տրամաբանությամբ վանելու զգացողություն կունենա, բայց եթե դա ասում է մի մարդ, որը ցանկացած պահի կարողանում է հրավիրել ԱԱԾ պետ, Ոստիկանության պետ, Քննչականի պետ եւ ասի կգնաք, այս գործողությունները կանեք, կներեք ամենացածր, միջին կամ բարձր իրավագիտակցության պայմաններում, առաջին զգացումը լինելու է վախը: Եւ ամեն կերպ այդ վախով պայմանավորված լինել այնպիսի դիրքում, որ դու չլինես հակառակ կողմում: Սա կարծում  եմ նաեւ մարդկային արձագանքներից մեկն է: Ես կարծում եմ, որ հասարակության մեջ շատերը չեն, որ տեսնելով մեկին մուրճը ձեռքին մտածում են մուրճը ձեռքից վերցնեն, կամ ոստիկանություն կանչեն ասեն` էս ինչ է անում հասարակական վայրում, առաջին զգացումը վախն է եւ սա նաեւ մարդկային»: