Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների փաթեթի հանրաքվեի համար նոր օր նշանակելը կասկածի տակ է դրել Վանի Ախթամարի Ս. Խաչի վերաբացումը սեպտեմբերի 12-ին:
Բանն այն է, որ որոշվել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը հանրաքվեի դնել սեպտեմբերի 12-ին` արդեն հայտարարված Ս. Խաչի վերաբացման օրը: Այս կապակցությամբ` Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել է, որ այդ փաստը իրենց դժվարին կացության մեջ է դրել, եւ իրենք ստիպված են Ս. Խաչի վերաբացումը մեկ շաբաթով հետաձգելու համար բանակցություններ վարել Պոլսո հայոց պատրիարքարանի հետ:
Նշենք, որ Վանի նահանգապետի նախաձեռնությամբ է Թուրքիայի մշակույթի նախարարից թույլտվություն ստացվել Վանի Աթխամարի Ս. Խաչի վերաբացումը` կրոնական արարողությունների համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին լրանում է Թուրքիայում 1980 թվականին իրականացված ռազմական հեղաշրջման 30 տարին եւ այս նպատակով է նախատեսվել հենց այդ օրը իրականացնել սահմանադրական բարեփոխումները: Ներկայիս Թուրքիայի Սահմանադրությունը ընդունվել է 1982 թվականին հեղաշրջումը իրականացրած զինվորականության կողմից:




























