ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն Ծիծեռնակաբերդ չի այցելելու, որովհետեւ նա Հայաստան է այցելում ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այցով: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այդ այցելությունը նախատեսված է այս շաբաթ:

Հարցին, թե նախատեսվա՞ծ է թուրք հյուրի այցը Ծիծեռնակաբերդ, թե՞ ոչ, Գոհար Պողոսյանն ասաց. «Չավուշօղլուն Հայաստան է ժամանում ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այցով: Սա նշանակում է, որ արարողակարգով Ծիծեռնակաբերդ այց նախատեսված չէ: Իմ ձեռքի տակ է ծրագիրը, որը ստացել եմ մայիսի 10-ին: Այդտեղ գրված է աշխատանքային այց»: Նրա խոսքով, աշխատանքային այցով Հայաստան եկած մյուս հյուրերի դեպքում էլ արարողակարգով Ծիծեռնակաբերդ այց չի նախատեսվել:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, սկզբում նախատեսված է եղել, որ Չավուշօղլուի այցը պաշտոնական է լինելու, որով պարտադիր կերպով պետք է լիներ այց Ծիծեռնակաբերդ: Մինչդեռ թուրք դիվանագետը հրաժարվել է ընդունել այդ արարողակարգը եւ նախագահականի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ Չավուշօղլուի այցը սահմանվի աշխատանքային, որպեսզի նա կարողանա խուսափել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց։ Գ.Պողոսյանն այս առթիվ ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

Հիշեցնենք նաեւ, որ երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Երեւան էր այցելել եւ Սերժ Սարգսյանի հետ «Հրազդան» մարզադաշտում դիտում էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը, այդ ընթացքում Ծիծեռնակաբերդի լույսերը անջատված էին: