2006 թվականին, երբ ստեղծվեց Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, այն իրավասու էր իրականացնել ատրակցիոնների վերահսկման եւ ստուգման գործառույթներ, սակայն այժմ կառույցն կարող է անցկացնել միայն փորձաքննություններ, քանի որ ստուգման եւ վերահսկման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր ընկերությունների կողմից։ Մայիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցած դժբախտ պատահարին, որի արդյունքում տուժել էր չորս մարդ։

Նշելով, որ կարուսելների անվտանգության ապահովման աշխատանքներն այժմ դրված են տնտեսվարող սուբյեկտների եւ ստուգումներ անցկացնող մասնավոր ընկերությունների վրա, նա տեղեկացրեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ գործում են 3 նմանատիպ ընկերություններ: «Դրանցից մեկն էլ Հաղթանակ զբոսայգու ատրակցիոնները սպասարկող „Տեգ“ ընկերությունն է, որը, սակայն, չունի ոչ համապատասխան մարդկային ներուժ, ոչ էլ տեխնիկական միջոցներ»,- նշեց Աշոտ Պետրոսյանը։

Նրա պնդմամբ, Հաղթանակ զբոսայգու ոչ մի ատրակցիոն մինչ օրս փորձաքննություն չի անցել: «Փորձաքննություն չեն անցել նաեւ Վանաձորի կարուսելները, իսկ Կապանի ատրակցիոնները բացասական եզրակացություն են ստացել»,-ասաց նա։

Հակառակ նրա պնդումների, Երեւան քաղաքի տեխնիկական փորձագիտական ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանն ընդգծեց, որ Հաղթանակ զբոսայգում փաստացի գրանցված 20 ատրակցիոններից «Տեգ» ընկերության կողմից փորձաքննություն անցել են 7-ը. «Դրանց թվում է նաեւ հայտնի „Սատանայի անիվը“, որը թեպետ փորձաքննություն անցել է, սակայն համարվում է վտանգավոր օբյեկտ»,- տեղեկացրեց Հովսեփյանը՝ նշելով, որ մասնավոր ընկերության կողմից տրված լիցենզիան ուժի մեջ է մինչեւ 2010 թ. օգոստոսը: «Ինչ վերաբերում է երեկ շարքից դուրս եկած „Թայֆուն“ ատրակցիոնին, ապա այն ապօրինի կերպով տեղադրվել եւ շահագործվել է 1 ամիս առաջ»,- տեղեկացրեց նա։

ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանն իր հերթին ավելացրեց, որ մինչեւ նշանակված հետաքննությունը նոր մանրամասներ կբացահայտի, Հաղթանակ զբոսայգում ատրակցիոններ շահագործելու իրավունք ստացած «Ուրախ ժամանց» ՍՊԸ տուգանվել է 3 մլն, փորձաքննություն իրականացնող «Տեգ» մասնավոր ընկերությունը 1 մլն դրամի չափով։ «Նախարարի երեկվա որոշմամբ՝ զբոսայգու բոլոր այն կարուսելները, որոնք փորձաքննություն չեն անցել, չեն շահագործվի մինչեւ փորձաքննությունը չպարզի դրանց պիտանելիությունը»,- ամփոփեց նա։