Մայիսի 11-ին մեկնարկել է Երեւան-Քաշաթաղ-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Շահումյան-Մարտակերտ-Մարտունի-Հադրութ-Ստեփանակերտ երթուղով հաղթանակի հեծանվավազքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունից:

Այն մեկնարկել է Հանրապետության հրապարակից` 20 մասնակիցներով: Մայիսի 12-ին մասնակիցները ժամանելու են ԼՂՀ Քաշաթաղի շրջան` անցնելով 300 կմ: Մայիսի 13-ին խումբը համալրվելու է տեղի մարզիկներով, եւ սկսելու է հեծանվաարշավը Քաշաթաղ-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Շահումյան-Մարտակերտ-Մարտունի-Հադրութ-Ստեփանակերտ երթուղով, որը կազմում է շուրջ 400 կմ: Մայիսի 18-ին նախատեսվում է հեծանվային շքերթ` Շուշի-Ստեփանակերտ երթուղով (40 մասնակից), ինչպես նաեւ խմբակային հեծանվավազքի մրցում ԼՂՀ մայրաքաղաքի հանրապետական մարզադաշտում:

Ծրագրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հայ ժողովրդի մայիսյան փառավոր հաղթանակների նշանակության գաղափարը Հայաստանի եւ Արցախի երիտասարդության շրջանում տարածելու, նրանց մեջ ազգային եւ հայրենասիրական գաղափարներն արմատավորելու, Հայաստան-Արցախ երիտասարդական կապերն ամրապնդելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ԼՂՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ` համաձայն 2009 թվականի հունիսի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջեւ երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԼՂՀ-ի «Հայերի ակումբ» հասարակական կազմակերպության եւ ՀՀ հեծանվասպորտի ազգային ֆեդերացիայի համագործակցությամբ: