Կառավարության ապրիլի 22-ի որոշմամբ կրճատվում են մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի այն տեղերը, որտեղ ընդունվելով մարդիկ պետք է դառնային գիտնական։ Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության երիտթեւի մամուլի խոսնակ Դանիել Իոանիսյանը՝ ընդգծելով, որ «խնամի, ծանոթ, բարեկամ-կաշառքով» անցնողները կշարունակեն ընդունվել։
«Կաշառքների հարցում մի քիչ ինֆլյացիա կլինի, տեղերը կթանկանան, բայց իրենք այնուամենայնիվ կընդունվեն մագիստրատուրա եւ ասպիրանտուրա։ Սակայն այն մարդիկ, ովքեր պետք է իրենց գիտելիքների շնորհիվ ընդունվեին, տեղերի կրճատման պատճառով չեն անցի»,- նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը։
Նա նաեւ ասաց, որ փոքրամասնություն են կազմում այն ուսանողները, ովքեր բանակում ծառայելուց խուսափելու համար են ընդունվում մագիստրատուրա եւ ասպիրանտուրա։
Սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հակառակը պնդեց։ Նրա համոզմամբ, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերի կիսով չափ կրճատման կառավարության որոշման դեմ պայքարողները փորձում են խուսափել բանակից. «Մեր երկրին պետք են պատրաստված ուսանողներ, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել, սակայն պետք էլ չեն այնպիսի երիտասարդներ, ովքեր խուսափում են ծառայելուց»:
Իսկ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն էլ ասաց, որ 20-25 հոգու բանակ տանելով ծառայության հարցը չի լուծվելու։ «Եթե գնում են բարեփոխումների, պետք է հստակ խնդիր դնեն ու 18 տարեկան բոլոր տղաներին տանեն ծառայելու»,- ասաց նա։
Դանիել Իոանեսյանը այս խնդրի լուծման այլ տարբերակ է տեսնում։ Նա առաջարկում է ֆակուլտներում բացել ռազմական ամբիոններ։ Ի դեպ նա նաեւ նշեց, որ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում տարկետման իրավունքով սովորելու տեղերի կրճատման հարցը կառավարությունն իր օրակարգում ընդգրկել է ապրիլի 21-ի գիշերը, այդ հարցն առանց հասարակական քննարկման դնելու։ Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով կիսով չափով կրճատել են տարկետման իրավունքով մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորելու տեղերը։




























