«Եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել իմ եւ Հակոբ Հակոբյանի փաստաբանի ուղարկած գործը, դա արդեն նշանակում է, որ ակնկալիքները հաղթական են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված իր գործի մանրամասներին։
Նշելով, որ մարտի 1-ի դեպքերից հետո իրեն եւ Հակոբ Հակոբյանին ձերբակալել են ապօրինաբար, նա համոզմունք հայտնեց, որ դրան քաջատեղյակ են նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները. «Այդ մասին խոսվել է անգամ մեր՝ բանտում գտնվելու ժամանակ։ Այդ է պատճառը, որ մեզ ճանաչել են քաղբանտարկյալ»,- հիշեցրեց Մալխասյանը՝ նկատելով, որ իրենց քաղբանտարկյալ ճանաչելու փաստը խոսում է այն մասին, որ Եվրադատարանը գործը միանշանակ ի օգուտ իրենց է վճռելու։ «Մենք բազմիցս ահազանգել ենք իշխանություններին՝ իրենց ապօրինի գործողություններով, այն է՝ մեզ անհիմն մեղադրանքներ վերագրելով, մեր երկրի պատվի հետ խաղալու մասին, սակայն նրանք ականջալուր չեն եղել մեր զգուշացումներին, ինչի արդյունքում գործը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ընդգծեց նախկին պատգամավորը՝ ավելացնելով, որ ցանկալի կլիներ հարցը լուծել հայաստանյան դատական համակարգի շրջանակներում։ «Սակայն այստեղի դատարանները քաղաքական իշխանության տակ են եւ քաղաքական որոշումներ են կայացնում»,- ամփոփեց Մալխասյանը։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի պաշտպանական կողմից պաշտպանյալների գործերի նախնական կալանքին վերաբերող մասի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր է խնդրել։
ԱԺ նախկին պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով ձերբակալվել էին 2008 թ. մարտի սկիզբներին եւ պայմանական ազատազրկման էին դատապարտվել։




























