Մայիսի 14-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանում ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատնից: Թե Հայաստանում ում է հանդիպելու ամերիկացի պաշտոնյան` դեսպանատնից առայժմ չհայտնեցին, խոստանալով այդ մասին հաղորդագրություն տարածել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ այսօր Թինա Քեյդենաուն մեկօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Այցի ընթացքում քննարկվելու են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Քեյդենաուն հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նա Բաքվում հայտարարել է. «ԱՄՆ-ը Ադրբեջանին կարեւոր գործընկեր է համարում։ Մեր շահերը շատ ոլորտներում համընկնում են` սկսած էներգետիկ անվտանգության ամրապնդման համատեղ աշխատանքից, Հարավային միջանցքի նավթա-գազային ծրագրերից, մինչեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ համատեղ պայքարը։ Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունում` Կոսովոյից մինչեւ Իրաք ու Աֆղանստան»:



























