«Եթե պարոն Չավուշօղլուն բացատրի, թե որն է իր վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման եւ ԼՂ հարցի հիմքում ընկած պատճառների վերացման վերաբերյալ, այդ դեպքում մենք, ըստ պատասխանի, վերաբերմունք կարտահայտենք ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու իր նախաձեռնությանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին նախատեսված է երկօրյա այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը ԱԺ խմբակցությունների հետ։ Ս. Սաֆարյանը ասել է նաեւ, որ ինքն ու խմբակցության իր մյուս գործընկերները պատրաստվում են պարզաբանում պահանջել ու գնահատականներ տալ ԵԽԽՎ նախագահի՝ մինչ այդ պաշտոնը ստանձնելն արված հայտարարությունների ու հայտնած դիրքորոշումենրի հետ կապված։ «Մենք ուզում ենք պարզաբանում ստանալ այն մասին, թե այդ ի՞նչ հիմքով է պարոն Չավուշօղլուն կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության փաստը ու հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի ողբերգությունը, որը ճանաչված է ԵԽ անդամ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից եւ նաեւ Եվրոպական կառույցների բանաձեւերով։ Մենք պատրաստվում ենք պահանջել պարոն Չավուշօղլուից՝ հետամուտ լինել եվրոպական ուղենիշները հարգելու իր հանձնառությունը։ Որովհետեւ անթույլատրելի է ԵԽ հանրությանը խայտառակել ԵԽ անդամ Հայաստանի առջեւ՝ որդեգրելով այդ կառույցի դիրքորոշումներին հակասող վարքագիծ»։
Հիշեցնենք, որ Մ. Չավուշօղլուն Հայաստան է ժամանել այսօր։




























