Եթե ղարաբաղյան հարցում Մինսկի խումբը շարունակի հաջող գործել, ապա Թուրքիան կարող է քննարկել իր մասնակցության հարցը ԼՂ բանակցային գործընթացում։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը հավաստիացրել է, որ «թուրքական կողմը ամեն կերպ կաջակցի, որպեսզի կարգավորման գործընթացը շարունակվի»։ «Մեր նպատակը Հայաստանին եւ Ադրբեջանին մի կետի հասցնելն է, որը կարելի է համարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում»,- նշել է վարչապետը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ՊԱԿ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը հանգեցրեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:




























