Մայիսի 14-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա CTS2010 (Caucasus Travel Show) ամենամյա 10-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսը պաշտոնապես կբացեն ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Ճամփորդական գործակալների հայկական միության ղեկավարությունը եւ Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար դոկտոր Ջաթինդեր Չիման:
Ցուցահանդեսը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի համագործակցությամբ եւ աջակցությամբ:
CTS2010 զբոսաշրջության ցուցահանդեսին մասնակցում են աննախադեպ մեծ թվով ընկերություններ Թուրքիայից` մասնավորապես Վան նահանգից, ինչպես նաեւ Վրաստանից եւ Թունիսից:
Թուրքիայից ժամանող ընկերությունների թվում են Թուրքիայի Ճամփորդական
գործակալությունների միությունը (TURSAB), հյուրանոցային եւ զբոսաշրջային ընկերություններ, Վան քաղաքի 3 փոխքաղաքապետներ, Վան նահանգի Առեւտրի
պալատի նախագահը, լրագրողներ Վան քաղաքից եւ Վանի նահանգի Առեւտրի պալատի այլ գործարարներ ու պաշտոնյաներ: Վրաստանից ժամանում են Վրաստանի Զբոսաշրջային միությունը, Վրաստանի Զբոսավարների միությունը եւ զբոսաշրջային ընկերություններ:
CTS2010 ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 14-ին կազմակերպվելու են նաեւ կլոր սեղան-քննարկում եւ դեմառդեմ հանդիպումներ տարածաշրջանային զբոսաշրջության թեմայով, որին հնարավորություն կունենան մասնակցելու մեծ թվով հայաստանյան զբոսաշրջային ընկերություններ եւ կհանդիպեն Թուրքիայից ու Վրաստանից ժամանած գործընկերներին:




























