Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: ԼՂ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, եւ Հայաստանը չի դիտարկում որեւէ այլ երկրի միջնորդություն: Այդ մասին մայիսի 12-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Լեհաստանի խորհրդարանի լեհ-հայկական պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել օդային աղետից Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ լեհ բարձրաստիճան պաշտոնյաների ու խորհրդարանականների զոհվելու կապակցությամբ եւ հայ ժողովրդի ու ՀՀ Ազգային ժողովի անունից փոխանցել եղբայրական զորակցությունը բարեկամ լեհ ժողովրդին:

Լուկաշ Աբգարովիչը շնորհակալություն է հայտնել այն վերաբերմունքի համար, որ հայ ժողովուրդը ցուցաբերեց ողբերգության օրերին, նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահն այն եզակի բարձրաստիճան քաղաքական գործիչներից էր, ով, չնայած եղանակային ծանր պայմաններին, կարողացավ մասնակցել սգո արարողություններին:

Լեհաստանի խորհրդարանի լեհ-հայկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Լեհաստանի սենատոր Լուկաշ Աբգարովիչը տեղեկացրել է, որ իրենք կհրավիրեն Հայաստանի խորհրդարանի Հայաստան-Լեհաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին` այցելել Լեհաստան: Նա ցանկություն է հայտնել ավելի խորացնել ոչ միայն Լեհաստան-Հայաստան, այլեւ Եվրամիություն-Հայաստան կապերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրին: Ներկայացնելով Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման եւ դրան հետեւած գործընթացները` ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Թուրքիան ի սկզբանե զանազան պատրվակներ ու պատճառներ բերելով, արձանագրությունները կապելով ԼՂ հակամարտության հետ, ձգձգելով դրանց վավերացումը, արգելակում էր հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Նման նախապայմանների առաջադրումը անընդունելի է Հայաստանի համար: Եւ մեր երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Հայաստանը առայժմ դուրս չի գալիս գործընթացից, սպասում է, որ Թուրքիան կառուցողական մոտեցում ցուցաբերելու կամք դրսեւորի», ասել է Աբրահամյանը:

Լուկաշ Աբգարովիչը նշել է, թե Լեհաստանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը եւ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը առանձին խնդիրներ են, եւ դրանք չպետք է կապել իրար հետ: Նա նշեց, որ Թուրքիան վերջիվերջո պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի նախագահի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: