Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ամենամեծ ձեռբերումը հրադադարի կնքումն էր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը։

Չնայած, որ արդեն 16 տարի է, ինչ Հայաստանն ու Արցախն ապրում են խաղաղության պայմաններում, սակայն Մ. Մայիլյանի խոսքով, այսօր դեռ պահպանվում է հրադադարի խախտման եւ պատերազմ վերսկսելու վտանգը։

«Պատերազմի վերսկսման վտանգը միշտ էլ կա։ Զինադադարը հիմնված է հավասարակշռության վրա, եւ հիմա պետք է ամեն ինչ արվի, որ այդ հավասարակշռությունը պահպանվի։ Այն միտում ունի խախտվելու, քանի որ Ադրբեջանն ավելացնում է իր սպառազինությունը։ Միջազգային հանրությունը, հայկական կողմերին զենք, զինամթերք տրամադրելով, պետք է ապահովի այդ հավասարակշռությունը»,-ասաց Մասիս Մայիլյանը՝ նշելով նաեւ խնդրի լուծման երկրորդ ուղին։ Ըստ այդ տարբերակի՝ միջազգային հանրությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու համար պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչից հետո Արցախն իր օրինական տեղը կզբաղեցնի տարածաշրջանի եւ միջազգային անվտանգության համակարգերում՝ ապահովելով սեփական անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ուղիղ 16 տարի առաջ` 1994 թվականի մայիսի 12-ին, Հայաստանի մասնակցությամբ՝ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադար կնքվեց, որը պահպանվում է մինչ օրս: