Հրադադարի այս 16 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի գլխավոր ձեռքբերումը ազատ ու անկախ ապրելու իրավունքն է եղել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը։
«Մեզ պարտադրված պատերազմում մենք մեծ կորուստների գնով նվաճեցինք ազատ ու անկախ ապրելու իրավունքը»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր պատերազմի վերսկսման լուրջ նախադրյալներ չի տեսնում. «Չեմ կարող չնկատել, սակայն, որ ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական մերձեցման գործընթացների ներկայիս վիճակը որոշ չափով ավելացրել է պատերազմի վերսկսման հավանականությունը։ Պարզ ասած, պատերազմի վտանգը երեկ ավելի քիչ էր, քան այսօր։ Թե ինչպիսի՞ն կլինի վաղը, դժվարանում եմ ասել»։
ԼՂՀ խորհրդարանի պատգամավորի համոզմամբ, հակամարտության կարգավորման գործընթացն «էն գլխից էլ մեծ փակուղու մեջ էր հայտնվել հակամարտության կարգավորման սխալ մեթոդաբանության պատճառով»:
«Այս ամբողջ ընթացքում կարգավորման գործընթացը մերթընդմերթ հայտնվում էր մեծ փակուղուց՝ անցումային փոքր փակուղիներում։ Փոքրիկ մի փակուղուց դուրս գալով թվում էր, թե նոր հնարավորություն է բացվել, իրականում դա հերթական ճանապարհահատվածն էր՝ մինչեւ հաջորդ փոքր փակուղիները։ Կարգավորման գործընթացն այն թունելում է, որի վերջում լույս չկա։ Պիտի փոխել կարգավորման մեթոդաբանությունը»,- ամփոփելով իր խոսքը՝ նշեց Գեղամ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ուղիղ 16 տարի առաջ` 1994 թվականի մայիսի 12-ին, Հայաստանի մասնակցությամբ՝ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադար կնքվեց, որը պահպանվում է մինչ օրս:




























