Ցանկացած բնագավառում, որտեղ մարդիկ ստիպված են որոշումներ ընդունել, այնուամենայնիվ, հիմնականը դա սուբյեկտիվ գործոնն է, այլ խնդիր է, որ այդ գործոնը պետք է հիմնավորվի, պետք է բացատրվի` նման հայտարարություն է արել Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով այս տարվա հուլիսին հեռուստաընկերությունների լիցենզավորման հերթական մրցույթի անցկացմանը: Նա այս կերպ է պատասխանել հարցին, թե արդյոք իրականացվող օրենսդրական համապատասխան փոփոխությունները հնարավորություն կտա՞ն, որպեսզի վերաբացվի «Ա1+»-ը եւ բացառվի մրցույթին ներկայացված հայտերը սուբյեկտիվորեն գնահատելու սկզբունքը: NEWS.am-ը փորձել է այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանից: «Վերջին ժամանակներս բոլոր պաշտոնյաներն ու չինովնիկները սկսել են մեսիջներով խոսել, եւ Դավիթ Հարությունյանի ասածն էլ կարելի է համարել յուրօրինակ մեսիջ»,-ասել է Մովսեսյանը` շարունակելով. «Հնարավոր է, որ Հարությունյանի ասածը արդեն կանխորոշում է, որ այս անգամ էլ են մեզ մերժելու, բայց կա մի ուրիշ գործոն` վերջիվերջո Հայաստանի իշխանությունները պետք է կատարեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը`»Ա1+" -ի վերաբերյալ եւ անհապաղ կապուղիների մրցույթ անցկացնել: Հակառակ դեպքում` արդեն պատժամիջոցներ են կիրառվելու: Ես կարծում եմ, որ այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը,պատժամիջոցների սպասելը սխալ քայլ կլինի: Իսկ ինչ վերաբերում է սուբյեկտիվ մոտեցմանը, ապա պետք է կրկնվեմ` ասելով, որ կարմիր կովն իր կաշին չի փոխի": Մեր դիտարկմանը`ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ դուք հույս չունեք, որ կհաղթեք մրցույթում` Մ. Մովսեսյանն արձագանքել է. «Եթե հույս չունենայիք, այդքան լուրջ չէինք պատրաստվի մրցույթին: Մենք լրջագույնս պատրասվում ենք, իսկ մնացածն իրենց մեղքն է»: «Ա1+»-ի հիմնադիրն ասաց նաեւ, որ հիմնական նախապատրաստական աշխատանքներն ընթանում են լրատվական հաղորդումների նախագծերի մշակման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հեռուստատեսույթան եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ, որն էլ անցկացնում է մրցույթը, «Ա1+»-ը հեռարձակման իրավունքից զրկվել է 2002թ ապրիլի 2-ին: Այդ ժամանակից ի վեր «Ա1+»-ը 12 անգամ մասնակցել է հեռուստակապուղիների մրցույթների` վերստանալու իր արտոնագիրը, եւ ամեն անգամ մերժվել է:
Նշենք, որ կապուղիների հերթական մրցույթն անցկացվելու է այս տարվա հուլիսին:




























