Կիեւի վարչական դատարանը մայիսի 15-ին համաուկրաինական «Ազատություն» շարժմանը եւ «Ուկրաինայի համար» կուսակցությանն արգելել է մայիսի 17-ին Կիեւի կենտրոնում զանգվածային միջոցառումներ իրականացնել։

«Ազատությունը» դատարանի որոշումն անօրիանական է համարել եւ մտադիր է դիմել վերաքննիչ դատարան։

Ընդդիմության հայտարարությունների համաձայն՝ բողոքի ակցիաները նպատակ ունեն թույլ չտալ Ռուսաստանի նախագահի այցի շրջանակներում նախատեսված նոր համաձայնագրերի ստորագրումը, որոնք կարող են վտանգել Ուկրաինայի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ վնասել նրա տնտեսական անվտանգությունը։

Նշենք, որ մայիսի 17-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Ուկրաինա։ Երկու երկրների նախագահները կքննարկեն ծովային եւ ցամաքային սահմանների սահմանազատմանը եւ մի շարք այլ խնդիրների առնչվող հարցեր։