Այսօր` մայիսի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից, Մ. Չավուշօղլուն հայտնել է, որ սա իր առաջին այցերից է անդամ երկրներ` ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո (եղել է Մոլդովայում եւ Ադրբեջանում): Կարեւորելով Պաշտպանի դերը ԵԽ-ում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործում, ԵԽԽՎ նախագահը կարեւորել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի առաջարկների կատարման, ընտրական օրենսգրքի կատարելագործման, ինչպես նաեւ արդարադատության համակարգի բարեփոխման գործընթացները:

Հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը ներկայացրել է իր 2009 թ-ի տարեկան եւ Արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցները:

Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների մասին՝ Պաշտպանը նշել է հանդուրժողականության մթնոլորտի զարգացման եւ երկխոսության մշակույթի ձեւավորման կարեւորությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում: Կարեւորելով Չավուշօղլուի պատասխանատու առաքելությունը ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում, Պաշտպանը ընդգծել է տարածաշրջանում համերաշխության եւ կայունության ապահովման կարեւորությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխավորման կարեւորագույն նախապայման:

ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Թուրքիայում մոտակա ամիսների ընթացքում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում այդ երկրում կստեղծվի Օմբուդսմանի հաստատություն: Արմեն Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակության եւ հետագա համագործակցության ձեւավորման գործընթացում: