Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել միայն Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ապաշրջափակման շուրջ։ Новости-Грузия գործակալության հաղորդմամբ, մայիսի 17-ին այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն։

«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ խոսել վերոնշյալ խնդիրների շուրջ եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը ճանաչի Վրաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Մենք Ռուսաստանի հետ բանակցում ենք Ժնեւյան ձեւաչափով, սակայն այն դեռ անարդյունավետ է»,-հայտարարել է Քալանթաձեն։

«Վրաստանի դիրքորոշումը պայմանավորված է Վրաստանի ընթացիկ զարգացումներով, այն է՝ ապաշրջափակում, ռուսական կողմից վրացական տարածքների ճանաչում։ Այս խնդիրների ստեղծման եւ լուծման համար պատասխանատու է Ռուսաստանը»,-նշել է փոխարտգործնախարարը։

Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե մասնավոր այցով Վրաստանում գտնվող Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին ասել էր, որ Թբիլիսին պատրաստ է առանց նախնական պայմանավորվածությունների բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։