Արմավիրի մարզի Արտաշար գյուղի 100-ից ավելի բնակիչներ այսօր՝ մայիսի 13-ին Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք նախագահից պահանջում են բացահայտել, թե փետրվարի 5-ին ով է սպանել եւ Սասունցի Դավիթ կայարանում կախել իրենց գյուղի բնակիչ 19-ամյա Մրազ Աճամյանին։
Եզդիների խոսքով, Մրազն այդ օրը գյուղից դուրս է եկել իր նշանածի տուն գնալու համար, սակայն չի վերադարձել։ Հետո նրա դին գտել են կայարանում կախված եւ վեց տեղից դանակահարված։ Սպանության առթիվ հարուցված քրեական գործը Էրեբունու քննչական բաժնի վարույթում է։
«Արդեն չորս ամիս է անցել, բայց ոչ մի բան չի բացահայտվել»,-վրդովված նշեց
Արտաշարի բնակիչներից մեկը։
«Պահանջում ենք Էրեբունու քննչական բաժնից գործը տեղափոխել մեկ ուրիշ տեղ։ Մանյակներին թաքցնում են։ Մենք կոնկրետ ժամանակ են տալիս պատասխանի համար, մեկ օր, երկու օր, երեք օր, եթե չէ, կրկնակի եւ եռակի ավել ժողովրդով ենք գալու,եթե պատասխան չեղավ կդիմենք եվրոպական ատյաններ»- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ակցիայի կազմակերպիչ Խաթո Աջամյանը, ով սպանվածի քեռին է։
Իսկ սպանվածի մայրը՝ Փոռի Աճամյանն էլ ասաց, որ եթե այստեղ գործը չբացահայտվի, իր որդու դիակը կհանի եւ կտանի Ռուսաստան. «Ես հայերին հարգելով՝ չորս ամիս համբերել եմ, եթե մեզ արհամարհում եք, ես դիակը կվերցնեմ եւ կգնամ Մոսկվա, եւ եթե էնտեղ էլ ինձ արհամարհեցին, ես ինքնասպանություն կգործեմ ձեր դռան առաջ»։
Մրազ Աճամյանին սպանել են ամուսնությունից տաս օր առաջ։ Գյուղի բնակիչները նշում են, որ նա թշնամի չի ունեցել եւ շատ խելոք ու համեստ տղա է եղել։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից Խաթո ԱՃամյանին եւ Ալի Խանին Նախագահականից կանչեցին եւ խոստացան, որ գործը կփոխեն մեկ այլ քննչական բաժին։
Հավելենք նաեւ, որ Նախագահականի առջեւ ոստիկանները մի պահ հարձակվեցին բողոքի ակցիայի մասնակիցների վրա եւ հրմշտելով փորձեցին հեռացնել նրանց։ Ի դեպ, ոստիկանները տղամարդկանց եւ կանանց առանձնացրել էին։ Հետագայում նրանց հաջողվեց նաեւ ակցիայի մասնակիցներին Նախագահականի մայթից տեղափոխել դիմացի մայթ։




























